Իրանի և «վեցյակի» բանակցությունների նոր փուլը կմեկնարկի մայիսի 26-ին Վիեննայում

Իրանի և «վեցյակի» բանակցությունների նոր փուլը կմեկնարկի մայիսի 26-ին Վիեննայում

PanARMENIAN.Net - Իրանի և «վեցյակի» երկրների (ԱԽ 5 անդամ + Գերմանիա) բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի մայիսի 26-ին Վիեննայում Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչիի և եվրոպական դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդտի, ինչպես նաև փորձագետների մասնակցությամբ, ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:

Ապրիլին Իրանը և «վեցյակի» երկրները կարողացան համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի սկզբունքային պարամետրերի վերաբերյալ: «Լոզանում պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնության հիմքը դնել, որը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մայիսի 26-ին Աբբաս Արաքչին կհանդիպի Հելգա Շմիդտի հետ: Հավանաբար, «վեցյակի» քաղտնօրենները կմիանան նրանց հինգշաբթի»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, այժմ «կողմերը շարունակում են մշակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամփոփիչ համաձայնագիրը»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ կստորագրի ուրանի հարստացման վերաբերյալ համաձայնագիրը միայն այն դեպքում, եթե պատժամիջոցներն անհապաղ չեղյալ համարվեն:

Պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Իրանի նախագահն ասաց. «Մենք կստորագրենք համաձայնագիրը միայն այն պայմանով, որ պատժամիջոցները հանվեն նույն օրը…Մեզ պայմանագիր է հարկավոր, որը շահավետ կլինի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերի համար», գրում է Լենտա.ռու-ն: Ռոուհանիի այդ հայտարարությունը հակասում է «վեցյակի» հետ բանակցություններում Լոզանում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն պատժամիջոցները հանվելու են միայն եզրափակիչ համաձայնագրի կնքումից 9 ամիս անց:

Մինչդեռ ԳԴՀ պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին Բեռլինում հայտարարեց, որ Իրանի դեմ գործող պատժամիջոցները չեղյալ կհամարվեն միայն այն դեպքում, երե կատարվեն Լոզանում համաձայնեցված բոլոր պայմանները:

«Մենք հասկանում ենք, որ Իրանի շահերից է բխում, որ պատժամիջոցները որքան հնարավոր է շուտ չեղարկվեն: Սակայն, մենք այդ առումով մինչև հունիսի ավարտն առաջնորդվելու ենք «գործողություն` պատասխան գործողություն» սկզբունքով: Պատժամիջոցների չեղարկումը կախված կլինի այն պայմանների կատարումից, որոնց վերաբերյալ կողմերը պայմանավորվել են»,-հայտարարել է Չեբլին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---