ՀՀ նախագահը՝ ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի նիստին․ 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում

ՀՀ նախագահը՝ ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի նիստին․ 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2014-ին կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակում Արա Վարդանյանին՝ 2015-ի մայիսի 27-ից երեք տարի ժամկետով, հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:

Գործադիր տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014-ին կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն առնելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարեանը և աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը: Եզրակացությունը ներկայացնելուց հետո Ճազմատարեանը, որը վերստուգիչ հանձնաժողովի անդամի պաշտոնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում է 1991-ից, պաշտոնից հրաժարական է ներկայացրել և իր փոխարեն առաջարկել Արա Ասլանի թեկնածությունը, որը խորհուրդն ընդունել է:

Երկրի ղեկավարի կողմից Ճազմատարեանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով

Հոգաբարձուների խորհուրդն ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, որը մինչև օրս հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է մոտ $900.000, շնորհել է Բարերար անդամի վկայական:

Օրակարգի շրջանակում հաջորդ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2015»-ի նպատակաուղղվածության մասին հարցը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ներկայացված հաշվետվության և հնչած առաջարկությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր նկատառումները:

ՀՀ ղեկավարը նախ խոսել է հաջողությամբ կյանքի կոչված ու հունվարին բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասին․ «Ստացանք այդ վայրին և մեր մեծ մտավորականին վայել, նրա հիշատակին հարիր մի միջավայր, որը շատ մեծ օգուտ է բերելու թե՛ մեր երիտասարդությանը կրթելու, թե՛ զբոսաշրջիկներին մեր մշակույթը ներկայացնելու և թե՛ կոմիտասագիտությունը զարգացնելու առումով»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ այդ միջոցառումների կառավարման համար խորհուրդը ձևավորել էր առանձին տնօրինություն, որն էլ դարձավ այդ միջոցառումների իրավական և ֆինանսական սպասարկման հիմնական օղակը: Միջոցառումները ֆինանսավորվել են և այսօր էլ շարունակվում են ֆինանսավորվել բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին:

«Օրեր առաջ հայկական տաղավարը դարձավ ժամանակակից արվեստի թերևս ամենահայտնի Վենետիկի բիենալեի հաղթողը: Այս օրերին ամբողջ աշխարհով մեկ շարունակվում են ցուցահանդեսներ, համերգաշարեր, գիտական կոնֆերանսներ, հրատարակվում են նոր գրքեր, բեմադրվում են ներկայացումներ: Այսօր էլ այդ ծրագրերը, բնական է, որ աջակցության կարիք ունեն, ուստի կարևորում եմ բոլորի ակտիվ մասնակցությունը դրանց ֆինանսավորմանը: Ու նաև շատ կարևորում եմ մեր ակտիվ հայրենակիցների մասնակցությունն այդ միջոցառումներին»,- նշել է նախագահը։

Ըստ նրա, հաջորդ նիստին 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը կներկայացնի մանրամասն ֆինանսական և բովանդակային հաշվետվություն` անհրաժեշտ աուդիտորական եզրակացությամբ:

«Սեպտեմբերին Անկախության տոնի շաբաթը լեցուն է լինելու իրադարձություններով: Այն կավարտվի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռում Սբ Մյուռոնի օրհնության արարողությամբ: Նույն օրերին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը»,- տեղեկացրել է Սերժ Սարգսյանը՝ նշելով․ որ այդ օրերին անդրադարձ կարվի այն բարերարներին, հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին, ովքեր ջանք չեն խնայել 100-րդ տարելիցի միջոցառման կազմակերպման գործում:

ՀՀ ղեկավարի խոսքով, ամբողջ տարվա ընթացքում միջոցառումներ են լինելու, և 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներն ավարտված չեն, իսկ անցկացվածները վկայեցին, որ համախմբվածությունը, միասնական գործելը կարող է շատ-շատերի կամ գրեթե բոլորի համար անսպասելի արդյունք ունենալ, խնդիրներ լուծել, որոնք կենսական նշանակություն ունեն:

«100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում», եզրափակել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մինչև չհասնենք համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատանք է տարվելու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---