Ռոումինգն ԱՊՀ-ում կարող է էժանանալ. Գները պետք է «հարմար» լինեն

Ռոումինգն ԱՊՀ-ում կարող է էժանանալ. Գները պետք է «հարմար» լինեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) նամակներ է ուղարկել ՌԴ բջջային օպերատորներին` խնդրելով իրենց ռոումինգային գործընկերներին օֆերտներ ուղարկել փոխհաշվարկների դրույքների փոփոխության վերաբերյալ, որից մեծապես կախված է ծառայության գինը բաժանորդի համար: Այսպիսով ԴՀԾ-ն կատարում է տարեսկզբին մշակված «Արդար ռոումինգի սկզբունքները» փաստաթղթի պահանջներն, որն ուղղված է ռոումինգի վերջնական գների նվազեցմանը մինչև «հարմար» գինը, ասվում է նամակում: Խոսքն այն վճարի նվազեցման մասին է, որը բաժանորդի հետ պայմանագիր կնքած օպերատորը փոխանցում է «հյուր» օպերատորի հաշվին, որը սպասարկում է այդ բաժանորդին այլ երկրում լինելու ժամանակ, գրում է «Վեդոմոստին»:

Նամակները օպերատորներին են ուղարկվել մայիսի սկզբին, հաստատել է ԴՀԾ տրանսպորտի և կապի վերահսկման դեպարտամենտի պետ Դմիտրի Ռոըտենբերգը: Իրենց օպերատորներին նմանատիպ նամակներ են ուղարկել նաև Բելառուսի և Ղազախստանի հակամենաշնորհային մարմինները: Ռոումինգի մասին համաձայնագրերը վերանայելու համար օպերատորներին ժամանակ է տրվել մինչև 2015-ի սեպտեմբեր, որից հետո ԴՀԾ-ն իրավունք է վերապահում իրեն «հակամենաշնորհային արձագանքման միջոցներ կիրառել»: Բջջային «մեծ եռյակի» (ՄՏՍ, «Մեգաֆոն» և «Վիմպելկոմ «Beeline») ընկերությունների ներկայացուցիչներն ու «Т2 ՌՏԿ հոլդինգը» (Tele2 ապրանքանիշ) հայտարարում են, որ նամակները ստացել են և ուսումնասիրում են: Սակայն զգալի նվազման հասնել դժվար կլինի, լավատես չէ այս հարցում օպերատորներից մեկի աշխատակիցը:

ԴՀԾ սկզբունքը` «ռոումինգում ինչպես տանը», ենթադրում է, որ սակագները ռոումինգում չպետք է շատ տարբերվեն բաժանորդի ժամանակավոր կացության երկրում գործող կապի գներից: Այս սկզբունքն է փորձում ներմուծել միջազգային աշխատանքային խումբը, որը բաղկացած է ԵՏՄ (ՌԴ, Հայաստան, Ղազախստան, Բելառուս) միասնական տնտեսական տարածքի հակամենաշնորհային հանձնաժողովների ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցում են նաև ԱՊՀ մյուս պետությունների և Թուրքիայի ներկայացուցիչները, ասել է Ռորտենբերգը: Եթե այս սկզբունքը սկսի գործել, ապա ՌԴ օպերատորները ստիպված կլինեն նվազեցնել ձայնային կապի ծառայությունների գինը ռոումինգում 3-5 անգամ, sms-ների համար` մինչև 10 անգամ, տվյալների փոխանցման համար` մինչև 40 անգամ, կարծում են ԴՀԾ-ում:

Մինչ օրս ԴՀԾ-ն չէր միջամտում բջջային օպերատորների գնագոյացման քաղաքականությանը` սահմանափակվելով լոկ ստուգումներով, զգուշացումներով ու տուգանքներով: 2010-ին հակամենաշնորհային ծառայությունը գործ հարուցեց ՄՏՍ-ի, «Վիմպելկոմի», «Մեգաֆոնի» դեմ` կասկածելով, որ նրանք բարձրացնում են ռոումինգի գներն արտերկրում: Դա տեղի ունեցավ, երբ արտերկրում բջջային կապի թանկ լինելու հանգամանքին ուշադրություն դարձրեց ՌԴ նախագահը: Բանն ավարտվեց նրանով, որ օպերատորները կամավոր, ինչպես իրենք են պնդում, նվազեցրին 1,5–2 անգամ ռոումինգի գները, իսկ sms-ը` 3 անգամ: ԴՀԾ-ն միևնույն է տուգանեց երեք օպերատորներին, սակայն նրանց համար համեստ գումարով` 38,1 մլն ռուբլով:

Եթե օպերատորները պայմանավորվեն միջօպերատորային սակագների նվազման մասին Բելառուսի և Ղազախստանի բջջային ընկերությունների հետ, ապա ռուսաստանցի բաժանորդների համար զանգերն այդ երկրում կնվազեն 15-50 անգամ: Ճիշտ է ՌԴ օպերատորների եկամուտների վրա դա գրեթե չի ազդի` ԱՊՀ մեկնողների ռոումինգից ստացվող եկամուտը չի գերազանցում ամբողջ ռոումինգի 10 տոկոսը, կարծում է Telecom Daily վերլուծական գործակալության գլխավոր տնօրն Դենիս Կուսկովը:

Բելառուսի ներկայացուցիչն ասաց, որ գերատեսչությունն ուսումնասիրում է հարցը ԵՏՄ երկրների հակամենաշնորհային մարմինների ու ԵՏՀ հետ: Ղազախստանը և Հայաստանը դեռ չեն պատասխանել հարցումներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---