Sothbey’s-ն այնուամենայնիվ հանել է սակարկություններից Այվազովսկու գողացված նկարը

Sothbey’s-ն այնուամենայնիվ հանել է սակարկություններից Այվազովսկու գողացված նկարը

PanARMENIAN.Net - Բրիտանական Sothbey’s աճուրդի տունը հանել է սակարկություններից Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» գողացված նկարը: Այն այլևս նշված է չէ «Ռուսական շաբաթվա» սակարկությունների լոտերի ցուցակում:

Ավելի վաղ նկարը ներկայացված էր 23 համարի տակ: Սակայն, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ այն գողացված է, կտավը հանվեց սակարկություններից: «Երեկոն Կահիրեում» կտավից բացի «Ռուսական շաբաթվա» սակարկություններին մասնակցում է Այվազովսկու ևս 3 նկար: Ընդհանուր առմամբ աճուրդի տունը աճուրդի է հանել ռուսաստանցի շուրջ 150 նկարիչների գործեր, հայտնում է Abnews.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գողացված կտավի նախկին սեփականատերը բրիտանական աճուրդում նկարը վաճառելու համաձայնություն է տվել: Աճուրդի կազմակերպիչները որոշակի գումար են խոստացել վճարել նրան: Ինտերպոլը միջոցներ է ձեռնարկում Մեծ Բրիտանիայում անցկացվող աճուրդից գողացված կտավը հանելու համար: Այն գողացել են 1997 թվականին Մոսկվայում` մասնավոր հավաքածուից: Կտավն անհետացել էր ԽՍՀՄ նավաշինարարական արդյունաբերության ժողկոմ Իվան Նոսենկոյի այրիի մոսկովյան բնակարանից: Դրանից հետո ոչ մի տեղեկություն դրա մասին չի եղել մինչև, որ այն չի հայտնվել աճուրդում:

Ինտերպոլի ռուսական բյուրոն կարողացավ ճշգրիտ պարզել կտավի գտնվելու վայրը և տեղեկացնել այդ մասին օրինական սեփականատերին, հայտնեց ՏԱՍՍ-ը ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևայի վրա հղումով: Երբ աճուրդի կազմակերպիչներն առաջարկեցին նկարի վաճառքից ստացվելիք միջոցների մի մասը փոխանցել Նոսենկոյի այրիին, նա համաձայնվեց, որ կտավը վաճառքի հանվի: ՌԴ մշակույթի նախարարությունը ոչ մի հայտարարություն այս հարցի վերաբերյալ չի արել:

Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ-ն Ինտերպոլի հետ համատեղ շարունակում է հետաքննել արվեստի գողացած նմուշներն արտերկիր արտահանելու ուղիները:

Այվազովսկին նկարը ստեղծել է 1870 թվականին, երբ նա ներկա էր Սուեցի ջրանցքի բացմանը: Այվազովսկու 1870 թ. «Երեկոն Կահիրեում» կտավը, որը 50-ականներին ցուցադրվել է Տրետյակովյան պատկերասրահում, նախնական գինը մոտ $2,4-3,1 մլն դոլար է:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում:

Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, այդ թվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---