Միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանի կին ձեռներեցներին

Միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանի կին ձեռներեցներին

PanARMENIAN.Net - Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման խնդիրը միջազգային կառույցների ուշադրության ներքո է: Երևանում հունիսի 8-ին անցկացվող Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովին ներկա են եղել Հայաստանում գործունեություն ծավալող գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տարբեր տեսանկյուններից են անդրադարձել կանանց ձեռեներեցության հարցին, գրում է Tert.am-ը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը շեշտել է, որ ՎԶԵԲ-ը շահագրգիռ է աշխատել Հայաստանի կին գործարարների հետ, որովհետև վստահ է, որ կանանց վարկային ռիսկերն ավելի հիմնավոր են:

«Կցանկանայինք Հայաստանում տեսնել զարգացած կին գործարարների, ովքեր չէին վախենա նորարար գործարարությամբ զբաղվելու: Սակայն այսօր քիչ են մեզ դիմող կանայք: Եթե գործարարը ցանկանում է ՎԶԵԲ-ից ստանալ օժանդակություն, ապա նրա բիզնեսի ներդրումները պետք է գերազանցեն 1 մլն դոլարը: Կին գործարարները հաճախ չեն կարողնում ապահովել այդ սահմանաչափը: Այդ նպատակով ցանկություն ունենք Հայաստանի համար ստեղծել մասնավոր կապիտալի ֆոնդ և ընդլայնել բիզնեսին աջակցությունը»,- ասել է Մարկ Դևիսը:

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովն անցկացվում է Հայաստանում առաջին Կանանց ձեռներեցության միջազգային շաբաթվա շրջանակում, որը նախաձեռնվել է ՀՀ երիտասարդ կականց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի կողմից: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 300 կին գործարար: Դրա նպատակն է նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

Եվրամիության գործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն էլ ընդգծել է, որ ԵՄ-ն առաջին դոնորն է Հայաստանում իր ներդրումների ծավալով:

«Կարելի է ասել, որ ամեն շաբաթ 1 մլն եվրոյի ներդրում է իրականացվում Հայաստանում: Մենք մեծ տեղ ենք տալիս կանանց ներգրավվածությանը բիզնեսում: Հայաստանում հատկապես կարևոր է մարզերում կանանց ներգրավվածությունը, քանի որ այնտեղ տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի են լինում»,- ասել է Աջեմյանը և ընդգծել, որ Եվրամիությունն աջակցել և աջակցելու է կին ձեռներեցներին:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը համաժողովի ընթացքում առանձնացրել է կանանց դերը տնտեսության զարգացման գործում:

«Հայաստանում կին գործարարների համար չկան այն նույն խնդիրները, որ առկա են ասիական երկրներում, սակայն զարգացման մակարդակն էլ դեռևս բավարար չէ: Ուրախ կլինենք, որ հենց կանայք մեզ դիմեն և առաջարկներ անեն, որ մենք էլ կողմնորոշվենք` ինչպես աջակցել իրենց»,- նշել է Դոլը:

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նա ներկայացրել է Միացյալ Նահանգներում կին ձեռներեցներին տվող արտանություններն ու հնարավորությունները և ընդգծել, որ Հայաստանում ևս պետք է հավասար պայմաններ ստեղծվեն կանանց ձեռներեցության համար:

 Ուշագրավ
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
---