«Ազգային պատկերասրահ» միջազգային 11-րդ փառատոնի շրջանակում կկայանա 5 համերգ. Բացումը՝ հունիսի 18-ին

«Ազգային պատկերասրահ» միջազգային 11-րդ փառատոնի շրջանակում կկայանա 5 համերգ. Բացումը՝ հունիսի 18-ին

PanARMENIAN.Net - «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնն այս տարի տեղի կունենահունիսի 18-ից հուլիսի 4-ը: Փառատոնի հանդիսավոր բացման համերգը կկայանա Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում հունիսի 18-ին՝ ժամը 19.00-ին, տեղեկացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:

Ծրագրում է Պերգոլեզիի «Ստաբատ մատեր» (Stabat mater) ստեղծագործությունը և Բախի ռե մինոր դաշնամուրային կոնցերտը: Ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Փառատոնի մեկնարկի համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը 2008-ից ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:

Հունիսի 21-ին կկայանա «Ազգային պատկերասրահ» փառատոնի երկրորդ համերգը: Երաժշտության համաշխարհային օրվան նվիրված ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր), որոնք կկատարեն ֆրանսիացի և իսպանացի կոմպոզիտորների վոկալային ստեղծագործություններ:

Հունիսի 24-ին կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ): Երաժիշտները կկատարեն Շոպենի, Բրամսի, Շոստակովիչի և Սոլիմի ստեղծագործությունները:

Հունիսի 27-ին «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակում տեղի կունենա գործիքային երաժշտության երեկո, որին հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցը (Ռուսաստան): Համերգի ծրագիրը բավական ընդարձակ է, կհնչեն այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Մուսորգսկին, Վիվալդին, Սկարլատին, Պրոկոֆևը, Պյացոլան, Բարտոկը, Շչեդրինը։

«Ազգային պատկերասրահ» փառատոնը կավարտվի հուլիսի 4–ին գալա–համերգով: «Օպերային արվեստի մարգարիտներ» անվանումով վոկալային երեկոյին ելույթ կունենան տաղանդավոր երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո–սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր): Համերգի ծրագրում ներառված են հայկական, ռուսական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնի բոլոր համերգները տեղի կունենան Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում:

Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---