Երևանում ներկայացվել է «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանը

Երևանում ներկայացվել է «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանը

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» հայ-ֆրանսիական վիրտուալ թանգարանը: Ռեսուրսի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը:

Վիրտուալ թանգարանը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում` Հայաստանի Ազգային արխիվի և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության արխիվի (CNRS) համագործակցության արդյունքում:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ 2014-ին մենք սկսեցինք այս նախագծի իրագործումը, որի նպատակն է ներկայացնել հայ-ֆրանսիական կապերն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) արխիվային փաստաթղթերի հիման վրա»,-ասել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նա հավելել է, որ Առաջին համաշխարհային տարիներին ֆրանսիական բանակի կազմում գործում էր Արևելյան լեգիոնը, որը նաև Հայկական լեգիոն էին անվանում, որի կազմում հիմնականում հայ զինվորներ էին մարտնչում:

«Մինչև 2018 թ., երբ նշվելու է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, մենք կհամալրենք վիրտուալ թանգարանի արխիվը նոր բաժիններով, իսկ ավարտին կստեղծվի կայք արխիվային փաստաթղթերի հսկայական շտեմարանով, որոնք վկայում են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամուր բարեկամական կապերի մասին»,-ասաց Վիրաբյանը:

Իր հերթին նախագծի ղեկավար, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեն Կլեր Մուրադյանը հավելել է, որ ապագայում ֆրանսալեզու կայքը կունենա նաև հայերեն և անգլերեն էջեր:

«Վիրտուալ թանգարանն ունի 6 հիմնական բաժին, որոնք վերաբերում են Հայաստանի և Ֆրանսիայի մշակութային, հոգևոր, տնտեսական կապերին Առաջին աշխարհամարտից առաջ, ինչպես նաև սկսած խորհրդային շրջանից մինչ օրս: Կա նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժին»,-ասել է Մուրադյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու ռազմական դաշինքների միջև, մի կողմից Կենտրոնական ուժերի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ.՝ Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվականից՝ ԱՄՆ, ընդամենը 34 պետություն)։ 1914 թ. հուլիսի 18-ին (օգոստոսի 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել պետականությունը։ Սկսված համաշխարհային պատերազմն ու Թուրքիայի պատերազմի մեջ մտնելը խիստ բարդացրին արևմտահայերի վիճակը։ Թուրքիայի կառավարող շրջանները ձգտում էին իրենց կողմը գրավել հայերին և բանակցությունների մեջ մտնելով նրանց քաղաքական ղեկավարների հետ, առաջարկում էին կամավորական ջոկատներ ստեղծել թուրքական բանակի շարքերում և արևելահայերին ապստամբության դրդել Ռուսաստանի դեմ։ Հայերը մերժեցին։

Ռուսական իշխանությունները հավանություն տվեցին և ըստ ամենայնի օժանդակեցին հայկական կամավորական զորամասերի ստեղծմանը ռուսական բանակի կազմում։ Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների առաջին իսկ շրջանում թուրքական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բռնի տեղահանումը Արևմտյան Հայաստանի ճակատամերձ շրջաններից։ Թուրքիայում ծավալվեց կատաղի հակահայկական քարոզչություն։

Մինչդեռ պատերազմի սկզբում թուրքական բանակ էր զորակոչվել մոտ 60 հազար հայ, որոնք շուտով զինաթափվեցին և ուղարկվեցին թիկունք՝ ծանր աշխատանքների, ապա գլխովին ոչնչացվեցին։ Այդպիսով Թուրքիայի հայ բնակչությունը զրկվեց իր մարտունակ մասից։ Օգտվելով պատերազմի ընձեոած հնարավորությունից՝ երիտթուրքական կառավարությունը, սկսած 1915 թ. ապրիլից, ճակատամերձ գոտուց «վստահություն» չներշնչող հայ բնակչության տեղահանության պատրվակով, ձեռնամուխ եղավ հայերի բարբարոսական բնաջնջմանը:

1915 թ. գարնանը ռուսական զորքերը հարձակողական հաջող օպերացիա կազմակերպեցին Վան և Ուրմիա լճերի շրջանում, ազատագրեցին Վան քաղաքը (որտեղ ռուսական զորքերը մնացին 80 օր): 1916 թ. ամռանն արդեն Արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավված էր ռուսական զորքերի կողմից։ Կովկասյան ճակատում ռուսական բանակի հաջողությունները խթանեցին անգլո-ֆրանսական բանակցությունները Օսմանյան կայսրության ասիական տարածքները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը բաժանելու շուրջ և հանգեցրին 1916 թ. Սայքս-Պիկոյի համածայնագրի կնքմանը։ 1916 թ. հունիսին ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանում ստեղծվեց Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետությունը։

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը սկսեցին լքել Արևմտյան Հայաստանը։ Օգտվելով դրանից՝ թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, հարձակման անցավ ամբողջ ճակատով։ Թուրքերը վերագրավեցին Արևմտյան Հայաստանը, 1918 թ. մայիսին՝ Ալեքսանդրապոլը, հասան Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր), ապա Երևանի մերձակա շրջանները։ Հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը (Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ–Ապարանի ճակատամարտում), կանխեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը և պայմաններ ստեղծեց հայ պետականության վերականգնման համար: Միայն Աոաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու 1918 թ. Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը թողեցին ՀՀ տարածքը, Կարսի մարզը, վերականգնվեց 1914 թ. ռուս-թուրքական սահմանը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---