Հունաստանը սպառնում է դատի տալ Եվրամիությանը

Հունաստանը սպառնում է դատի տալ Եվրամիությանը

PanARMENIAN.Net - Հունաստանի իշխանությունները սպառնացել են դիմել Եվրոպական դատարան` Եվրոպական միության դեմ հայցով` կասեցնելու համար եվրոյի գոտուց դուրս գալն ու բանկային համակարգի անկումը, հայտնում է The Telegraph-ը:

«Հունաստանի կառավարությունը կօգտվի իր բոլոր օրինական իրավունքներից: Մենք քննարկում ենք Եվրադատարան հայց ներկայացնելու հնարավորությունը, քանի որ ԵՄ պայմանագրերը չեն նախատեսում եվրոյի գոտուց դուրս գալու հավանականություն և մենք հրաժարվում ենք դա անել: Մեր անդամակցությունը սակարկության առարկա չէ»,-հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:

Հունաստանի ռազմատենչ հայտարարություններն արվում են ԵՄ խոշոր տերությունների զգուշացումների ֆոնին` առ այն, որ Հունաստանը կարող է դուրս մնալ եվրոյի գոտուց, եթե ընտրողները հուլիսի 5-ի հանրաքվեում մերժեն տնտեսման ծրագիրը:

«Հարցը կտրուկ է դրված. ցանկանում են արդյոք հույները մնալ եվրոյի գոտում, թե հեռանալու ռիսկին կդիմեն»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է Գազետա.ռու-ն:

Հունիսի 29-ին Հունաստանի կառավարությունը հայտարարեց մինչև հուլիսի 6-ը բանկերի աշխատանքը պաշտոնապես դադարեցնելու մասին, ինչպես նաև բանկերից կանխիկ գումար հանելու ամենօրյա լիմիտը սահմանել 60 եվրոյի սահմանում մեկ անձի համար, ասվում է որոշման մեջ, որը հրապարակվել է կառավարական թերթում հունիսի 29-ին:

«Բանկերի աշխատանքի կասեցումը» որոշման մեջ թվարկվում են այն միջոցները, որոնք ձեռնարկվել են ֆինանսական կազմակերպությունների հանդեպ հունիսի 28-ից մինչև հուլիսի 6-ը: Որոշումը ստորագրել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը և երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Այդ քայլի պատճառը «Հունաստանի ֆինանսական համակարգն ու տնտեսությունը պաշտպանելու արտակարգ շտապ ու անկանխատեսելի անհրաժեշտությունն է լիկվիդայնության պակասի պատճառով, որի պատճառը հունիսի 27-ի Եվրախմբի որոշումն է` մերժել Հունաստանին աջակցության ծրագիրը երկարացնելու հարցում», ասվում է որոշման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունաստանի իշխանությունները մի շարք զիջումների են գնացել: Մասնավորապես, Աթեքնը համաձայնվել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 2022 թ., ոչ թե 2025 թ., ինչպես նախկինում էր ենթադրվում: Հունաստանը նաև որոշել է «փոխարինել» թոշակառուների դրամաշնորհային համակարգը 2 տարով ավելի շուտ` 2018-ին: Մյուս հարցերում Աթենքն ու վարկատուները նախկինի պես հեռու են համաձայնությունից:

Հունաստանն ու նրա վարկատուները արդեն մի քանի ամիս է բանակցում են երկրում բյուջեի տնտեսման ու բարեփոխումների ծրագրի շուրջ: Համաձայնության գալու վերջին ժամկետը հունիսի 30-ն է: Հետո ծրագիրն այլևս չի գործի և մնացած 7,2 մլրդ եվրոն այլևս չի հատկացվի Հունաստանին: Հունիսի 30-ին Հունաստանը պետք է մարի ԱՄՀ վարկի հերթական մասնաբաժինը:

Հունաստանում հուլիսի 5-ին կանցնի հանրաքվե միջազգային վարկատուների մասին համաձայնագրի շուրջ: Հանրաքվեին հարց է դրվում վերաբերմունքի մասին համաձայնագրի նախագծին վերաբերմունքի մասին: Համաձայնագիրը ներկայացրել են Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Միջազգային արժութային հիմնադրամը 2015-ի հունիսի 25-ին Եվրախմբի նիստում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---