21  30.06.15 - Հունիսի 30. Բողոքի ցույց ընդդեմ էլերկտրաէներգիայի թանկացման

Բաղրամյանի հերթական գիշերը. Բերման ենթարկված 3 անձ ու 2 հացադուլավոր

Բաղրամյանի հերթական գիշերը. Բերման ենթարկված 3 անձ ու 2 հացադուլավոր

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հուլիսի 1-ին Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկել ալկոհոլ օգտագործած 3 անձի: Տարածքում ալկոհոլ օգտագործած մարդկանց ներկայության մասին ոստիկանությանը տեղեկացրել էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցները, գրում է «Այսօր»-ը:

«Մոտ երկու ժամ չկարողացանք համոզել այդ երիտասարդներին լքել տարածքը, նրանք անընդհատ փորձում էին կռիվ հրահրել: Ստիպված էինք դիմել ոստիկանությանը, որն օպերատիվ արձագանքեց»,- ասել է ակտիվիստ Վահագն Մինասյանը՝ հավելելով, որ ցույցի մասնակիցները չեն տրվում սադրանքների:

Բացի այդ, ավելի վաղ՝ հունիսի 30-ի երեկոյան, Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը չեղարկելու պահանջով երկու երիտասարդ՝ Հայկը և Հարությունը, հացադուլ են հայտարարել: Նրանք ասել են, որ նստացույցից բացի պայքարի այլ ձևեր էլ կան, որոնցից մեկը հացադուլն է:

Նույն օրը Բաղրամյանում իրավիճակի որոշակի սրում է եղել, որի պատճառը ցուցարարների պահանջն էր՝ բարձրախոսներ տեղադրել աղբամաններից պատրաստված բարիկադների վրա։ Ոստիկաններն արգելել են դա անել՝ նշելով, որ մոտակա շենքերի բնակիչները բողոքել են ցուցարարների աղմուկից, գրում է Newsarmenia.am-ը:

Ավելի ուշ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հեռացել են ակտիվիստների շարքերից, վերջիններս անջատել են երաժշտությունը։ Իրավիճակը հանդարտվել է։

«Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց էին սկսել Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աուդիտի կիրականացվի ու մինչև դրա եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Սարգսյանը առաջարկել էր ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրությանը ներգրավել նաև բողոքի ակցիայի ակտիվիստներից մի քանիսին: Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝ սակագնի բարձրացումն արդարացված է:

Հունիսի 30-ին «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները դադարեցրել են նստացույցը Երևանի Ազատության հրապարակում: Շարժման առաջնորդներից Վաղինակ Շուշանյանն ասել է, որ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Մասնավորապես՝ ակտիվիստները մտադիր են ստեղծել փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների խմբեր` կոնկրետ առաջարկություններով հանդես գալու համար։ Միաժամանակ, Բաղրամյանի պողոտայում մնացած ցուցարարները մտադիր չեն լքել այն և հերթական գիշերն են լուսացրել փողոցում։ Նրանք հայտարարել են, որ կմնան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---