Նախագիծ. Հղիության արհեստական ընդհատման օրենքը խախտելու համար բժիշկները պատասխանատվության կենթարկվեն

Նախագիծ. Հղիության արհեստական ընդհատման օրենքը խախտելու համար բժիշկները պատասխանատվության կենթարկվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Օրինագծերի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա հղիության արհեստական ընդհատման գործընթացի կազմակերպման վրա՝ դրա անվտանգության բարձրացման, կանոնակարգման, խախտումների կանխարգելման և վերահսկելիության տեսանկյունից: Նախագծերով նախատեսվում է կանոնակարգել սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն արգելելու վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկել օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման համար:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-ին հանձնարարել է սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համալիր ծրագիր մշակել։ Նա մատնանշել է, որ Հայաստանն այսօր վերարտադրության մի շարք ցուցանիշներով աշխարհում վերջին տեղն է զբաղեցնում։ Այդ կապակցությամբ նա հանձնարարեց առողջապահության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել և մինչև 2015 թվականի մարտը ներկայացնել իրավիճակի շտկման համալիր ծրագիր։

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է.

- օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները,

- սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ,

- ՀՀ առողջապահության նախարարին վերապահել հղիության արհեստական ընդհատման բժշկական, սոցիալական ցուցումները, հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկերը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներդրվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու լիազորություն,

- օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար սահմանել վարչական պատասխանատվություն:

ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի` 2011-ին կատարած հետազոտության համաձայն` Հայաստանում մոտ 7200 կին հղիության սելեկտիվ ընդհատում է իրականացրել 2006-2011 թթ.-ին: ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի հետազոտության տվյալներով, հղիության սելեկտիվ ընդհատումների պատճառով Հայաստանում մինչև 2060-ը կարող է չծնվել մոտ 93.000 աղջիկ։

2012-ին կատարված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում կատարվում է տարեկան 1500 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում:

ԵԽԽՎ-ն 2011-ին բանաձև է ընդունել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում պերինատալ շրջանում սեռի ընտրության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ սեռի պերինատալ ընտրությունը «մտահոգիչ չափերի» է հասել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում:

Հայասնաում գործող օրենքով բժիշկը կարող է երեխայի սեռը հայտնել միայն հղիության 12 շաբաթից հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---