Գերմանիայի ֆիննախարարը չի բացառում, որ Հունաստանը դուրս կգա եվրագոտուց. Լռության օր է

Գերմանիայի ֆիննախարարը չի բացառում, որ Հունաստանը դուրս կգա եվրագոտուց. Լռության օր է

PanARMENIAN.Net - Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Հունաստանում հանրաքվեի նախօրեին չի բացառում, որ երկիրը կարող է դուրս գալ եվրագոտուց:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հուլիսի 5-ին հանրաքվե է նշանակել եվրոպացի վարկատուների առաջարկների շուրջ ու քվեարկողներին կոչ արել հրաժարվել դրանցից: Նա հայտարարել է, որ հանրաքվեի «ոչ»-ը վարկատուների հետ նոր համաձայնագրի սկիզբ կդառնա:

«Հարցին՝ մնալ եվրոյի հետ, թե ժամանակավորապես հրաժարվել դրա, կարող են պատասխանել միայն հույները»,- Bild-ին տված հարցազրույցում նշել է Շոյբլեն:

Նա նաև ասել է, որ ԵՄ անդամ երկրները Հունաստանի ժողովրդին փորձանքի մեջ չեն թողնի: Շոյբլեն ընդգծել է, որ այդ երկրի բանկային սեկտորի վիճակը չի սպառնում Եվրոպայի այլ ֆինանսական ինստիտուտներին:

«Եթե նույնիսկ բանը հասնի առանձին բանկերի փլուզմանը, «վարակվելու հավանականությունը» համեմատաբար փոքր է»,- ասել է նախարարը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Իսկ մինչ այդ Աթենքի կենտրոնում ընթացող միանգամից երկու ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Սինթագմա կենտրոնական հրապարակում հավաքվել էին նրանք, ովքեր պահանջում էին հուլիսի 5-ի հանրաքվեում «ոչ» ասել վարկատուների վերջնագրերին, իսկ Մարմարե մարզադաշտում՝ նրանք, ովքեր կոչ էին անում «կողմ» քվեարկել:

Ոստիկանության գնահատականով, Սինթագմայում ցույցին մասնակցել է մոտ 25.000 մարդ: Լրագրողները մասնակիցների թիվը գնահատել են մոտ 50.000:

Մարզադաշտ, ըստ ոստիկանների, մոտ 15.000 ցուցարար էր եկել: Լրագրողները, սակայն, գրում են, որ նրանց թիվը չէր գերազանցում 7-10 հազարը:

Ցույցերը հանգիստ են անցել, դրանց ընթացքում ու ավարտից անմիջապես հետո ոչ մի միջադեպ չի գրանցվել, չնայած շատերն էին մտահոգված, թե երկու կողմի միջև կարող է բախում լինել:

Աթենքում ու մյուս քաղաքներում ցույցերով ընտրարշավը Հունաստանում ավարտվել է, հուլիսի 4-ին երկրում լռության օր է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---