Արցախում նկարահանվում է առաջին հայ-իրանական ֆիլմը

Արցախում նկարահանվում է առաջին հայ-իրանական ֆիլմը

PanARMENIAN.Net - Արցախում ընթանում են առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիմլը, որի ռեժիսորն է Անահիտ Աբադը, կոչվում է «Եվա»:Ստեղծագործության, այսպես ասած, տեխնիկական կողմն ապահովում են իրանցիները, իսկ դերասանական կազմը՝ հիմնականում հայերը:

Գլխավոր դերերից մեկը վստահվել է Հայաստանի վաստակավոր դերասան Էլինա Աղամյանին, իսկ երեխաներն ընտրվել են հարյուրավոր դպրոցականներից: Նկարահանվում են նաև արցախցի մի խումբ դերասաններ, որոնց թվում են ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստ Մարատ Դավթյանը։

Կինոժապավենն ամբողջությամբ նկարահանվելու է ԼՂՀ-ում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, Շուշիում, Քարինտակ գյուղում, 13-րդ դարում կառուցված Դադիվանք եկեղեցու տարածքում, Մարտակերտում և այլ վայրերում: Հատկանշական է, որ ֆիլմի առաջին նկարահանումները մեկնարկել են Շուշիում։

Պրոդյուսեր Բեհրուզ Փաքնահադի հավաստմամբ, ֆիլմի նյութը գլխավորապես վերաբերում է համամարդկային արժեքներին:

«Հասցեատերն ամբողջ մարդկությունն է, և այն միտված է հանցագործությունների, մարդկային տառապանքների և ողբերգությունների կանխարգելմանը»,- ասել է նա, մեջբերում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

Հուլիսի 13-ին Արցախում նկարահանվող ֆիլմի ռեժիսորին և տնօրեն Ռուբինա Ղազարյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա կարևորել է նախաձեռնությունը՝ Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման և լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից, նշելով, որ այն կնպաստի հանրապետությունում մշակույթի զարգացմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---