4  17.07.15 - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մամուլի ասուլիսը

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կատարյալ չէ․ Դեռ քննարկման կարիք կա

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կատարյալ չէ․ Դեռ քննարկման կարիք կա

PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, հանրությանը ներկայացնելով նախագծի առաջին յոթ գլուխը, չեն մտածել, որ նախագիծը կատարյալ է ու քննարկման ենթակա չէ։ Բավականին լայն արձագանքը փաստում է հետագա քննարկումների ու շտկումների անհրաժեշտության մասին։ Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը հուլիսի 17-ին անդրադարձան նախագծի մի շարք վիճահարույց դրույթներին։

Անվտանգության մասին

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը սահմանում է, որ խաղաղ ժամանակներում զինված ուժերը գտնվում են կառավարության՝ որպես կոլեկտիվ մարմնի ենթակայության տակ։ Գործադիրն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը խաղաղ ժամանակահատվածում՝ պաշտպանության նախարարի անմիջական ղեկավարությամբ։ Սակայն ԶՈւ ենթակայության մոդուսը փոխվում է այն ժամանակ, երբ իրավաբանորեն պատերազմական իրավիճակ է հայտարարվում։ Այդ դեպքում արդեն ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարությունն անցնում է վարչապետին, և նա իրավունք ունի այդ ժամանակատվածում նշանակելու ԶՈւ հրամանատար։

«ԶՈւ հրամանատարության ինստիտուտն այսօր արդեն իսկ ամրագրված է գործող Սահմանադրությունում, և մենք դա ընդամենը վերարտադրել ենք։ Դա կապված է նրա հետ, որ պատերազմական ժամանակահատվածում, բնականաբար, քաղաքացիական անձը՝ վարչապետը, չի կարող պրոֆեսիոնալ կոմպետենտ լինել ռազմական գործողություններ պլանավորելու և իրականացնելու հարցում։ Նախագծում նախատեսված է նաև, որ գլխավոր շտաբի պետն, ըստ էության, դառնում է մի ինստիտուտ, որը հիշատակվում է հենց Սահմանադրության մակարդակում։ Ամրագրված է, որ ԳՇ պետն է ամենաբարձր զինվորական պաշտոնատար անձը ԶՈՒ կազմում»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ պատերազմ հայտարարելու, կամ խաղաղություն հաստատելու դրույթները գրեթե անփոփոխ են մնացել։ Բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման հետ կապված, նախագիծը նախատեսում է, որ համապատասխան առաջարկության պարագայում ՀՀ նախագահն է այդ բարձրագույն հրամանատարական պաշտոններին համապատասխան անձանց նշանակում։

«Բայց պետք է ի նկատի ունենալ, որ ՀՀ նախագահի այդ լիազորությունը սահմանափակված է նրա հիմնական՝ Սահմանադրության պահպանման գործառույթով և նա բովանդակային առումով որևէ հակաճառությունների իրավունք չունի առաջ բերել նշանակումների հետ կապված։ Հակաճառությունները կարող են լինել միայն այն պարագայում, եթե համապատասխան պաշտոնի առաջարկվում է մի անձ, ով չի բավարարում կամ Սահմանադրությանը, կամ օրենքներին ներկայացվող պահանջներին»,- հավելեց մասնագետը։

Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ անվտանգության ու պաշտպանության այն համակարգը, որն առաջարկվում է նախագծով ավելի կայուն ու արդյունավետ է, քան այն, ինչ ունենք գործող Սահմանադրությամբ։ Ներկայիս Սահմանադրույթան պարագայում անվտանգության և պաշտպանության ոլորտում նախագահի լիոզորությունների մասին խոսելիս միշտ պատկերացնում ենք այն համադրությունը, երբ երկրի ղեկավարը մեծամասնություն ունի նաև Խորհրդարանում։ Սակայն կիսանախագահական կառավարման ձևում չի բացառվում այնպիսի իրավիճակ, երբ ՀՀ նախագահը, ով գործող Սահմանադրությամբ պատասխանատու է անվտանգության և պաշտպանության համար, չունենա մեծամասնություն Խորհրդարանում, հետևաբար՝ այն կառավարությունը, որը ձևավորվել է խորհրդարանական մեծամասնության կողմից, չլինի ՀՀ նախագահինը։

«Այդ իրավիճակում, երբ ՀՀ նախագահը և կառավարությունը ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, երկրի ղեկավարը, ով գործադիրի վրա ազդեցություն չունի, որպես գերագույն գլխավոր հրամանատար պիտի փորձի պատերազմական գործողությունների ժամանակ մոբիլիզացնել պետական բոլոր կառույցներին և բոլոր լծակները։ Այս դեպքում անվտանգության ու պաշտպանության համակարգը շատ ավելի խոցելի կլինի, քան այն համակարգը, որ այսօր մենք ներկայացրել ենք։ Իսկ այդպիսի վիճակներից ոչ ոք չի կարող խուսափել, հատկապես, երբ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի են ունենում տարբեր ժամանակահատվածներում, միանգամայն նման համակեցություն կարող է ստեղծվել»,- ընդգծեց Թովմասյանը։

Նոր Սահմանադրության դեպքում գործառույթ, լիազորություն և պատասխանատվություն եռամիսանությունը բավականին հստակ է։ Գործադիր իշխանությունը ձևավորած քաղաքական ուժը պատասխանատու է ազգային անվտանգության և պաշտպանության համար։ Այս մոդելը նորություն չէ, և ոչ ոք չի կարող ասել, որ խորհրդարանական հանրապետություն հանդիսացող Իսրայելի, կամ Գերմանիայի պաշտպանության համակարգը ավելի թույլ է, քան Բոլիվիայի, Ֆրանսիայի, կամ Իտալիայի համակարգերը։

Խորհրդարանի մասին

Խորհրդարանական կայուն մեծամասնության ապահովումը նոր նախագծի գերխնդիրներից է, և այդ նպատակով ներառված են մի շարք կարևորագույն գործոններ։ Առաջինը՝ անցումն է 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի, որի պարագայում կուսակցական կարգապահությունն էականորեն մեծանում է, ի տարբերություն մեծամասնականի։ Մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորը մեր իրականության մեջ առավելապես կարծում է, որ ինքն իր շնորհիվ է ընտրվել և կուսակցությունն է իրեն պարտական, քանի որ կուսակցությունն իրեն ձայներ է բերել։

«Այսպիսով, համամասնական ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում։ Եթե առաջին փուլի արդյունքում նման մեծամասնություն չի ձևավորվում, ապա անպայմանորեն անց է կացվում երկրորդ փուլ, որին մասնակցելու հնարավորություն են ստանում առավելագույն ձայներ ստացած կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները։ Երկրորդ փուլի արդյունքում հաղթած կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնությունը»,- ասաց Պողոսյանը։

Ընդ որում, բոլոր այն կուսակցությունները, որոնք հաղթահարում են արգելապատնեշը, պետք է իրենց ներկայացվածությունն ունենան Խորհրդարանում։ Ակնհայտ է, որ այն ուժը, որը երկրորդ փուլում պարտվել է, նույնպես պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում։ Այդ ներկայացվածությունը պետք է ամրագրվի առաջին փուլի արդյունքներով։ Բոլոր այն կուսակցությունները, որոնք առաջին փուլի արդյունքներով համամասնորեն ստանում են մանդատներ, պահպանում են այդ մանդատները։

«Դա նշանակում է, որ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից։ Եթե առաջին փուլի արդյունքներով արդեն ձևավորվում է մեծամասնություն և երկրորդ փուլի կարիք չկա, ապա ԱԺ պատգամավորների թիվն ուղիղ հավասար է լինում 101-ի։ Եթե երկրորդ փուլ է անցկացվում, հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ, քանի որ ինքը մեծամասնություն է ստացել երկրորդ փուլի արդյունքներով։ Հավելյալ մանդատները նա ստանում է պատգամավորների թվի մեծացմամբ, ոչ թե այն մանդատներից հանելով, որոնք ստացել են պարտված կուսակցությունները։ Դա է պատճառը, որ թիվը ֆիքսված չէ»,- բացատրեց հանձնաժողովի անդամը։

Մանրամասնելով՝ Հրայր Թովմասյանը շեշտեց՝ Խորհրդարանում լինելու են բոլոր այն կուսակցությունները, որոնք հաղթահարած կլինեն արգելապատնեշը։ Տեսականորեն, Խորհրդարանում առկա պատգամավորների առավելագույն թիվը կարող է կազմել 198, սակայն գործնականում այն կլինի 120-130 շրջանակում։

«Օրինակ, եթե որևէ կուսակցություն առաջին փուլում ստանա, պայմանականորեն, ձայների 45 տոկոսը, և երկրորդում՝ հաղթի հենց այդ կուսակցությունը՝ հավաքելով 50+1 տոկոս ձայներ, ապա այս դեպքում առաջին փուլում հավաքած ձայներին կավելանա 6 տոկոս, այսինքն՝ 101-ի դեպքում 6 տոկոսը լինում է 6 մանդատի ավելացում։ Պատգամավորների թիվը կդառնա 107»,- նշեց Թովմասյանը։

Նախագահի մասին

Խորհրդարանական համակարգերում Հանրապետության նախագահը կառավարման գործընթացների մեջ ուղղակի ներգրավվածություն չունի, նա, որպես կանոն, Սահմանադրության կանոնների պահպանման երաշխավորն է հանդիսանում։ Իսկ Սահմանադրությունը վերկուսակցական փաստաթուղթ է, այն բոլորի համար է՝ քաղաքացու, քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության։

«Եթե նախագահի հիմնական ֆունկցիան Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ուրեմն նա պետք է լինի անաչառ, չեզոք, վերկուսակցական, և եթե նա այդ ամենը իրականացնում է, ուրեմն նպաստում է հասարակության ինտեգրացմանը։ Նա իրավունք չունի կողմնապահ լինել, դիրքորոշումների ժամանակ ակնհայտ քաղաքական նախապատվություն տալ որևիցե քաղաքական ուժին և փորձել նսեմացնել մեկ այլ կուսակցության գործունեությունը»,- շեշտեց Պողոսյանը։

Խորհրդարանական համակարգում նախագահի ինստիտուտի առավելությունը նրանում է, որ նա, ձերբազատված լինելով քաղաքական պարտավորություններից, դրանով նպաստում է, որ տվյալ պետությունում միասնականությանը, հիմնարար արժեքների շուրջ կոնսենսուսի։ Մնացած հարցերի վերաբերյալ թող կուսակցությունները Խորհրդարանում վիճեն, կառավարությունն իր քաղաքականությունն իրականացնի իր ընտրած քաղաքական կուրսով։ Սակայն նախագահի խնդիրը մնայուն ու հիմնարար արժեքների պահպանմանը հետևելն է, նաև՝ իր հրապարակային ելույթներում դրանց վերաբերյալ արտահայտվելը, որպեսզի չստեղծվի տպավորություն, որ նախագահը պարզապես մի անձ է, ով անելիք չունի։

«Նախագահը, չլինելով գործադիր իշխանության կրող ու իրականացնող, կարողանում է ներգործել բոլոր քաղաքական իշխանությունների վրա, իր անաչառությամբ ու վերկուսակցական մոտեցումներով ապահովում ազգային միասնականությունը»,- ավելացրեց մասնագետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---