«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները հայտնի են. Լավագույնն է «Օձի գրկում» ֆիլմը![]() 20 հուլիսի 2015 - 12:21 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 18-ին ժյուրիի կազմը փառատոնի փակման արարողությանը հայտարարել է մրցանակակիրներին: Խաղարկային ֆիլմերի գլխավոր՝ «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացել է կոլումբիացի Սիռո Գեռայի «Օձի գրկում»ֆիլմը: Նույն անվանակարգում «Արծաթե ծիրան»-ի է արժանացել Հարավային Կորեայից Կիմ Դե-Հուանի «Ձմռան վերջը» ֆիլմը: Փառատոնի պատվավոր հյուր, համաշխարհային կինոյի աստղ Նաստասյա Կինսկին հատուկ մրցանակ է հանձնել Խայրո Բուստամանտեին (Գվատեմալա / Ֆրանսիա)՝ «Իշկանուլ» խաղարկային ֆիլմի համար: Վավերագրական ֆիլմերի անվանակարգում հաղթել է Սիմոնե Ռապիզարդա Կազանովայի (Կանադա / Իտալիա) «Իմաստի ստեղծումը» ժապավենը, երկրորդ մրցանակին արժանացել է Ժան-Գաբրիել Պերիոյի (Ֆրանսիա / Գերմանիա / Շվեյցարիա) «Գերմանական երիտասարդություն»-ը: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույնը Պատրիկ Ֆոլռաթի (Գերմանիա / Ավստրիա) «Ամեն ինչ լավ կլինի» կինոնկարն է: 2-րդ մրցանակը ստացել է Դավուդ Խայամի (Մեծ Բրիտանիա) «Չելլե» ֆիլմը: Այս անվանակարգում Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Ֆարհադ Ղոլամիի (Իրան) «Ամեն ինչ՝ վաճառքի» կինոժապավենը: «Հայկական համայնապատկեր» ծրագրում «Ոսկե ծիրան»-ի արժանացել է Արման Երիցյանի (Հայաստան/ Գերմանիա/ Նորվեգիա) լիամետրաժ խաղարկային «Մեկ, երկու, երեք»-ը: 2-րդ մրցանակը շնորհվել է կարճամետրաժ խաղարկային «Բժիշկը» ֆիլմին, որի հեղինակն Աննա Գորոյանն է Ռուսաստանից: Նույն անվանակարգում Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը լավագույն սցենարի համար ստացել է Գագիկ Մադոյանի «Ճանապարհ»-ը: Էկումենիկ ֆիլմերից հաղթող է ճանաչվել Արամ Շահբազյանի (Հայաստան/ Ֆրանսիա/ Ռուսաստան) «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը, որը ստացել է նաև FIPRESCI-ի մրցանակը: Փառատոնն այս տարի ստացել է մոտ 1600 հայտ 105 երկրից, ինչը վկայում է աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014-ին ստացվել էր 1500 հայտ մոտ 95 երկրից): 12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում են եղել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում իրականացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |