«Նոր հորիզոններ» կայանը լուսանկարել է Արևի խավարումը Պլուտոնի կողմից (վիդեո)

«Նոր հորիզոններ» կայանը լուսանկարել է Արևի խավարումը Պլուտոնի կողմից

PanARMENIAN.Net - NASA-ի «Նոր հորիզոններ» միջմոլորակային ավտոմատ կայանը բարձր թողունակության բազմաթիվ լուսանկարներ է արել Պլուտոն գաճաճ մոլորակին առավելագույն մոտեցման ժամանակ: Սարքը շարունակում է տվյալներ ուղարկել Երկիր, և NASA-ի ներկայացուցիչները հերթական մամուլի ասուլիսի ժամանակ նոր տվյալներ են ներկայացրել գաճաճ մոլորակի մասին:

Անցնելով Պլուտոնի մոտով 2015-ի հուլիսի 15-ին` սարքը լուսանկարել է Արևի խավարումը գաճաճ մոլորակի կողմից 2 մլն կմ հեռավորությունից: Լուսանկարը Երկրում ստացել են հուլիսի 23-ին: Պատկերի վրա երևում է լուսապսակը, որը վկայում է Պլուտոնի վրա մթնոլորտի առկայության մասին:

Արևի խավարումը Պլուտոնի կողմից, պատկեր. NASA / JHUAPL / SwRI

Ավելի վաղ Պլուտոնի արբանյակ` Քարոնի ստվերում անցնելիս զոնդը ALICE գործիքի օգնությամբ արբանյակում մթնոլորտի հետքեր չէր հայտնաբերել: Սակայն գիտնականները չեն բացառում, որ երկնային մարմնի վրա մթնոլորտ կա, թեկուզ շատ նոսր, կամ գտնվում է անմիջապես մակերեսի մոտ:

Պատմական մոտեցումը Պլուտոնին տեղի է ունեցել հուլիսի 14-ին` Երևանի ժամանակով 15:49-ին: Այդ պահին սարքը գտնվում էր 12,5 կմ հեռավորության վրա մոլորակից: Հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 04:55-ին զոնդն առաջին տվյալներն ուղարկեց Երկիր Պլուտոնի հետ առավելագույն մերձեցումից հետո, որն ընթանում էր ռադիոլռության ռեժիմով:

NASA-ի ներկայացուցիչները հայտնեցին նաև, որ կայանը Պլուտոնի վրա հայտնաբերել է շարժվող ազոտային սառույց: Սառույցի տեղաշարժը հիշեցնում է սառցադաշտերի միգրացիան Երկրի վրա: Սառցադաշտերի տեղաշարժը նկատվել է Պլուտոնի «սրտի» ձախ եզրին (այն նաև Տոմբոյի շրջան է կոչվում): Առավել ցայտուն են այդ գործընթացները «Սպուտնիկ բարձրավանդակի» շրջանում, որտեղ գիտնականներին հաջողվել է տեղանքի մութ և լուսավոր հատվածների սահմանին տեսնել սառցադաշտերի տեղաշարժին բնորոշ տեսարան:

«Սպուտնիկ բարձրավանդակի» հյուսիսային մաս, լուսանկար. NASA / JHUAPL / SwRI

Գիտնականները կարծում են, որ ազոտային սառույցը լցնում է բոլոր իջվածքները` խառնարաններն ու կանալները, իսկ Պլուտոնի մակերեսը ծածկված է դրանով շատ անհավասար: «Այդպես, Պլուտոնի «սիրտը» սառույցի հաստ շերտով է պատված, մինչդեռ մյուս մերձհասարակածային տարածքները (մասնավորապես, այսպես կոչված Կիտ տարածաշրջանը) շատ ավելի քիչ է պատված սառույցով: Շատ է սառույցը գաճաճ մոլորակի բևեռներում, իսկ միջին լայնություններում սառցի քանակը չափավոր է:

«Սպուտնիկ բարձրավանդակի» սառույցն ազոտից, ածխաթթու գազից և մեթանից է բաղկացած, իսկ «Պլուտոնի սրտի» հարավում (այսպես կոչված «Կտուլհուի տարածաշրջանում») գիտնականները հայտնաբերել են, որ հնամենի խառնարանները ծածկված են «երիտասարդ» սառույցով: «Կտուլհուի տարածաշրջանի» հարևանությամբ հայտնաբերվել է երրորդ` Հիլարիի լեռնաշղթան, որը ստացել է իր անվանումը Էվերեստի երկու առաջին նվաճողներից մեկի պատվին:

Այսօրվա դրությամբ Երկիր է փոխանցվել «Տոմբոյի տարածաշրջանի» խճանկարի 7 լիարժեք կադր, որտեղ երևում են մակերեսի անսովոր մանրամասները: Երկրաբաններն ուշադրություն են դարձրել «Սպուտնիկ բարձրավանդակի» և շրջակա լեռների միջև գտնվող շրջանին: Լուսանկարների վրա հայտնաբերվել են մակերեսի դետալներ, որոնք հիշեցնում են թանձր ազոտային սառույցի հոսքեր: Ըստ գիտնականների, ազոտային սառույցի շարժի գործընթացը կարող է շարունակվել մինչ օրս: Կարևոր է նշել, որ ազոտից հեղուկ օվկիանոսի առկայության մասին անմիջական ապացույցներ դեռ չկան:

Հիլարիի լեռնաշղթա. NASA / JHUAPL / SwRI

Պարզվել է նաև, որ տարվա եղանակների հաջորդականությունը Պլուտոնում բարդ է: Դա է վկայում սառույցի անհամաչափ բաշխումն ըստ լայնությունների: Պարզվել է, որ առավելապես մուգ շրջանները, պատված խառնարաններով, գտնվում են հասարակածում, օրինակ, «Կտուլհուի տարածաշրջանը», իսկ սառույցի կուտակումներն ավելի շատ դեպի բևեռ են ձգվում:

«Նոր հորիզոններ» կայանի գիտական հայտնագործությունների մասին հերթական մամուլի ասուլիսից առաջ NASA-ն հրապարակեց Պլուտոնի մակերեսի նոր պատկերը: Լուսանկարը ստացվել էր LORRI-ի (Long-Range Reconnaissance Imager) չորս լուսանկարների և գունային տեղեկություններ պարունակող Ralph-ի սպեկտրոսկոպիկ տվյալների միավորման շնորհիվ:

Պլուտոնի լուսանկարը թանձրացված գույներով. Լուսանկարն արվել է 450 հազար կմ հեռավորությունից, պատկերը. NASA/JHUAPL/SwRI

Պատկերի գույներն արհեստականորեն թանձրացված են, ավելի մեծ կոնտրաստ հաղորդելու համար գաճաճ մոլորակի մակերեսի առանձնահատկություններին:

«Նոր հորիզոնները» ավտոմատ միջմոլորակային կայան է, որը գործարկվել է «Նոր սահմաններ» ծրագրի շրջանակում և նախատեսված է Պլուտոնի և նրա բնական արբանյակ Քարոնի ուսումնասիրության համար: Գործարկումն իրականացվել է 2006թ. հունվարի 19-ին, 2007-ին այն մոտեցել է Յուպիտերին, իսկ 2015-ին` Պլուտոնին: Պլուտոնի մոտով անցնելուց հետո սարքը, հնարավոր է, կուսումնասիրի նաև Կոյպերի գոտւ օբյեկտներից մեկը: «Նոր հորիզոններ» ծրագիրը հաշվարկված է 15-17 տարվա համար:

Պլուտոնը Արեգակնային համակարգի իններորդ մոլորակն է: Երկրից շատ հեռու է, և նրա մասին քիչ բան է հայտնի: Իր ուղեծրի ամենահեռավոր կետում նա Արեգակից հեռանում է 7 մլրդ կմ: Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ: Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---