Վրաստանը հերքում է՝ ՌԴ դեմ պատժամիջոցներին չի միացել (թարմացված)

Վրաստանը հերքում է՝ ՌԴ դեմ պատժամիջոցներին չի միացել (թարմացված)

PanARMENIAN.Net - Վրաստանը Եվրամիության խորհրդի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու որևէ նոր որոշում չի կայացրել, հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Հուլիսի 30-ին ռուսական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ երկիրը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին՝ Եվրահանձնաժողովի «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ սահմանափակիչ միջոցներին միանալու մասին» հռչակագրին հղումով: Ըստ այդ տեղեկության՝ ՌԴ դեմ Եվրամիության տնտեսական պատժամիջոցներին Վրաստանից բացի միացել է ևս 6 երկիր. Չերնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան:

«ԵՄԽ-ն 2014-ի հունիսին հաստատել է Ռուսաստանի դեմ 12 պատժամիջոց՝ Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված: Հունիսի 23-ին Վրաստանը միացել է այդ պատժամիջոցներից մեկին, որը տարածվում է Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված ապրանքների արտահանման վրա: Վրաստանի կողմից այդ հարցով նոր որոշման մասին խոսք չի գնում»,- ասել է Աբաշիձեն:

Ըստ պատժամիջոցների մասին հաղորդագրության, ԵՄ անդամ թեկնածու երկրները` Չերնոգորիան և Ալբանիան, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Նորվեգիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամները, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը միանում են այս հայտարարությանը, գրել է Gazeta.ru-ն:

Հունիսին Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը 6 ամսով երկարացրեց Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, դրանք ուժի մեջ կմնան մինչև 2016 թ. հունվարի 31-ը:

Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է պատասխանել այն երկրներին, որոնք Եվրամիության անդամ չեն, սակայն միացել են սահմանափակող միջոցներին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Անկասկած, կարող են ձեռնարկվել պատասխան միջոցներ»,-լրագրողներին է հայտարարել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Նա պարզաբանել է. «Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ, բնականաբար, հիմնարարն այստեղ փոխադարձության սկզբունքն է»:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելվեց վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---