Շարժական արագաչափերը ՀՀ-ում ժամանակավորապես չեն գործի

Շարժական արագաչափերը ՀՀ-ում ժամանակավորապես չեն գործի

PanARMENIAN.Net - Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին Հայաստանում առաջին անգամ գործարկված ու կարճ ժամանակում հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրած շարժական արագաչափ սարքերը ժամանակավորապես կհանվեն շահագործումից: Այդ մասին տեղեկացրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը:

«Այսօր (հուլիսի 29-ին,- խմբ.) վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ժամանակավորապես դադարեցնել շարժական արագաչափերի գործածությունը: Մենք էլ համաձայնեցինք, որ ժողովրդին շատ չանհանգստացնենք ու ժամանակավոր հետաձգեցինք դրա կիրառումը, հետո կորոշենք` ինչ անել»,- ասել է Զաքարյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ շարժական արագաճափերի կիրառությունը բխում էր կառավարության հետ կնքած պայմանագրից և նպատակ ուներ վերահսկելու վարորդների արագությունն ամբողջ ընթացքում, գրում է Panorama.am-ը:

«Շարժական տեսախցիկը նախատեսված էր տեղադրել այն նպատակով, որ վարորդները դանդաղ վարեն մեքենան ոչ միայն արագաչափից առաջ ընկած 100 մետր տարածքը, այլև ամբողջ ընթացքում, որպեսզի անվտանգ լինի: Վարորդները չպետք է իմանային, որ տարածքում շարժական արագաչափ կա»,- ասել է Զաքարյանը:

Նա տեղեկացրել է, որ մինչ այժմ շարժական սարագաչափը կիրառվել է միայն մեկ օր, փորձնական՝ Վարդավառի տոնին, իսկ դրանով ֆիքսված երթևեկության կանոնների խախտումները չեղյալ են համարվել և ակտերը վարորդներին չեն հասել:

Հաշվի առնելով, որ Վարդավառի տոնի առթիվ սպասվում էր երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում: Նշված ճանապարհահատվածներում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կիրառվել են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:

Զաքարյանի խոսքով՝ վարչապետը նաև խնդրել է մեղմել հոծ գծերը տրորելու համար վարորդներին ուղարկվող տուգանքները, չնայած, ըստ նրա, արձանագրվում էին միայն կոպիտ խախտումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---