74 մասնագիտություն, որ թույլ է տալիս ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով

74 մասնագիտություն, որ թույլ է տալիս ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով

PanARMENIAN.Net - ՌԴ արդարադատության նախարարությունը հաստատել է օտարերկրացիների համար մասնագիտությունների ցանկի վերաբերյալ աշխատանքի նախարարության հրամանը, որոնք իրավունք են տալի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով: Սրանով նախարարությունը մտադիր է լուծել խնդրահարույց թափուր տեղերի հարցը մասնագետների շուկայում: Սկզբում ցանկում 211 մասնագիտություն կար, այդ թվում մարզիչներ, պանրագործներ, պարուսույցներ և դաստիարակներ, սակայն ի վերջո այն կրճատվեց մինչև 74: Այժմ քաղաքացիություն ստանալիս արտոնության կարող են հավակնել, օրինակ, բժիշկները, ինժեներները, տարբեր մասնագիտությունների հաստոցագործները, մաթեմատիկոսներն ու տնտեսության գծով տնօրենները: Նրանք պետք է 3 տարվա մասնագիտական ստաժ ունենան, որից հետո կարող են դիմել քաղաքացիության համար: Փորձագետներն այս ձեռնարկն օգտակար են համարում, սակայն նշում են, որ այն կանդրադառնա օտարերկրացիների նեղ շրջանակի վրա միայն, գրում է «Իզվեստիա» թերթը:

Ըստ ընդունված կարգի, ՌԴ քաղաքացիության հավակնորդը երկիր ժամանելուն պես պետք է օրինականացնի իր կարգավիճակը` գրանցվի, աշխատանքային գործունեության պատենտ ստանա, որից հետո կարող է ՌԴ-ում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ, որը իրավունք է տալիս այնտեղ ապրել և աշխատել 3 տարի: Այս ժամկետից հետո օտարերկրացին կարող է բնակության իրավունքի համար դիմել: Ստանալու դեպքում, նա պետք է անընդմեջ Ռուսաստանում բնակվի ևս 5 տարի: Միայն դրանից հետո նա իրավունք ունի հավակնելու ՌԴ քաղաքացիության: Հարկ է նշել, որ փաստաթղթերի հանձնումն ու պատասխանին սպասելը ԴՄԾ-ից վերոնշյալ կետերից յուրաքանչյուրի դեպքում կարող է 3 ամսից մինչև 10 ամիս տևել:

Աշխատանքի նախարարության ներկայացրած ցանկը ձևավորվել է ըստ ՌԴ աշխատնքի շուկայում ստեղծված իրավիճակի: Ինչպես ասել են նախարարության մամուլի ծառայությունում, ի սկզբանե հարցում է արվել շրջաններում իրավիճակի վերաբերյալ, որի հիման վրա կազմվել է գրեթե 1000 մասնագիտություններից բաղկացած ցուցակ, որոնց պահանջարկը մեծ է:

«Ցուցակը շտկել են հետևյալ չափանիշներով` որքան կարելի է քիչ պետք է լինեն այդ մասնագիտության գործազուրկները ՌԴ բնակիչների շրջանում, կամ գործատուների ներկայացրած թափուր տեղերը պետք է գերազանցեն այդ մասնգիտությամբ գործազուրկների քանակը»,-ասել են մամուլի ծառայությունում:

Հիմնականում ցանկը ներառում է բժշկական, ինժեներական և բանվորական մասնագիտություններ: Օրինակ, արտոնությունների կարող են հավակնել մանկաբարձները, բժիշկները, բուժքույրերը, անասնաբույժները, հոգեբույժները, գազաեռակցողները, մաթեմատիկոսները, ինժեներ-կոնստրուկտորները, տեղեկատվության պաշտպանության ինժեներները, նոր տեխնոլոգիաների ներդրման ինժեներները, նավթի ու գազի, շինարարության հսկողության, եռակցման գծով ինժեներները, տարբեր համակարգեր հավաքողները, փականագործները, խառատները տեխնոլոգները, խողովակաշարերը, դեղագործները, էլեկտրիկները և այլն:

Օտարերկրացի մասնագետների մակարդակը պետք է համապատասխանի մասնագիտության ռուսական չափանիշներին:

2015-ի գարնանը, երբ հրամանը դեռ նախագծում էր, մասնագիտությունների ցանկը հասնում էր 211: Ցանկում, կար օրինակ, մարզիչի, գեղարվեստական ղեկավարի, քիմիկոսի, պանրագործի, ծրագրավորողի, ռադիոտեխնիկի, աշղեկի, միկրոկենսաբանի, ագրոնոմի, ավիամեխանիկի, ճարտարապետի, կենսաբանի ու կենսատեխնոլոգի մասնագիտություններ:

Ըստ փորձագետների, այս նախաձեռնությունը չի լուծի առկա խնդիրները:

«Դա չի լուծում որակավորում ունեցող միգրանտների աշխատանքի առավել արդյունավետ օգտագործման հարցը, սակայն սա քայլ է ճիշտ ուղղությամբ, այն իմաստով, որ պարզեցվում է նրանց համար ՌԴ քաղաքացիություն ստանալը»,-ասել է ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի միգրացիոն և ինտեգրացիոն գործընթացների ուսումնասիրման բաժնի վարիչ Վլադիմիր Մուկոմելը: «Շատերը ստիպված են ստվերում աշխատել, ուստի չեն կարողանա ապացուցել, որ աշխատել են անհրաժեշտ 3 տարին ըստ մասնագիտության»,-հավելել է նա: Նա նկատել է, որ շեշտը դրված է բժշկական մասնագիտությունների վրա:

«Ռուսաստանի բնակչությունը ծերանում է, ուստի առավել պահանջված են դառնում բուժօգնության և բուժման հետ կապված մասնագիտությունները»,-ասել է նա:

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015–ի հունվարի 1–ից, հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք և աշխատել առանց թույլտվության և աշխատանքային պայմանագրին համապատասխան: Ըստ Միգրացիոն ծառայության ներկայացուցչի, այդպիսով` ՀՀ քաղաքացիների իրավունքները հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների իրավունքներին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---