Նաիրիտցիները կդիմեն դատարան. Ասում են՝ իրենց շանտաժ են արել

Նաիրիտցիները կդիմեն դատարան. Ասում են՝ իրենց շանտաժ են արել

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատողներն իրենց կողմից ստորագրված աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրի հարցով մտադիր են դատարան դիմել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է գործարանի նախկին մամուլի խոսնակ, ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

«Մեզ ստիպեցին ստորագրել պարտքի զիջման պայմանագրեր, այլապես աշխատավարձ չէինք ստանա: Այժմ, երբ սոցիալական հարցը լուծվեց՝ աշխատավարձերը վճարվեցին, կդիմենք դատարան ու դատախազություն՝ շանտաժի փաստով», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ նույնիսկ այն աշխատակիցներին են ստիպել ստորագրել պայմանագիրը, որոնք աշխատավարձերն առանց տույժ ու տուգանքի ստանալու դատավճիռ ունեին:

«Նաիրիտ» գործարանի աշխատողի աշխատավարձի պարտքն օգոստոսի 4-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է: Մոտ 2400 աշխատողի պարտքը կազմում էր 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել էր վերջին 4 տարվա ընթացքում: Գործարանի աշխատակիցները մոտ 8 ամիս պայքարում էին՝ ցույցեր անցկացնելով կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ, փողոցներ փակելով:

Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ պետք է խորհրդակցեն իրավաբանների հետ, որպեսզի հասկանան, թե ում դեմ են ներկայացնելու հայցը, գրում է Aysor.am-ը:

«Առավել ևս, պետք է հասկանալ, թե ինչու է պետական բյուջեից վճարվել մասնավոր ձեռնարկության աշխատավարձերի պարտքը: Ինչու փոշիացված գումարները չեն գտնվել ու պետությունն է ստիպված եղել վճարել»,- հավելել է նա:

Նաիրիտցիները նաև նշում են, որ մտադիր են առաջիկայում բողոքի նոր ակցիաներ կսկսել՝ քիմիական հսկան վերագործարկելու պահանջով: Հարությունյանը հայտնել է, որ գործարանի մասնագետների հաշվարկներով վերագործարկման համար կպահանջվի մոտ $97 մլն, այլ ոչ թե $250-400 մլն՝ Համաշխարհային բանկի կողմից իրականացված աւդիտի տվյալներով:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---