Ստոլտենբերգ. Վրաստանն ու ՆԱՏՕ-ն խորացնում են երկկողմ հարաբերությունները

Ստոլտենբերգ. Վրաստանն ու ՆԱՏՕ-ն խորացնում են երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին Վրաստանում` «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնի տարածքում բացվել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը, բացմանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը նախատեսված է ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կենտրոնի բացումից առաջ ևս մեկ անգամ նշել է, որ այն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում Ռուսաստանի դեմ:

«Կենտրոնն իր ձևով ուղղված չէ որևէ երկրի դեմ: Դա ուսուցման և գնահատման համատեղ կենտրոն է, որտեղ մեր զինծառայողները բարձրացնելու են իրենց որակավորումը, ուստի, ևս մեկ անգամ նշում եմ, որ այն ուղղված չէ որևէ մեկի դեմ…Մեր կառավարությունը շարունակում է պրագմատիկ քաղաքականությունը մեր հարևան երկրների, Ռուսաստանի հետ, և մենք մտադիր ենք պահպանել այդ ուղղությունը»,-հայտարարել է Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մեր համագործակցությունը Վրաստանի հետ տարիների պատմություն ունի: Այսօր մենք կրկնապատկում ենք գործակցությունը: Համատեղ կենտրոնի բացումը շատ լուրջ քայլ կլինի, որն էլ ավելի կխորացնի մեր հարաբերությունները»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Վրաստանն ակնհայտ առաջընթացի է հասել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին` քաղաքական և դատական համակարգերի բարեփոխման գործում արձանագրած նվաճումների շնորհիվ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին այդ ճանապարհին: Վրաստանը կարող է հույսը դնել ՆԱՏՕ-ի վրա»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ որոշում կարող է Վրաստանն ակնկալել 2016-ին կայանալիք Վարշավայի գագաթնաժողովում, Ստոլտենբերգն ասել է, որ չի կարող նախապես խոսել այդ մասին: «Ես իրոք չեմ կարող նախապես ասել, թե ինչ որոշում կկայացվի Վարշավայում, սակայն կարող եմ ասել, որ Վրաստանն արդեն ստացել է անհրաժեշտ գործիքներն առաջ շարժվելու և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին առաջընթաց գրանցելու համար: Առաջընթացն ակնհայտը է»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանի ինստիտուցիոնալ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեկնարկեց 1994 թվականին, երբ Վրաստանը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP — Partnership for Peace) ծրագրի մասնակից: 2004 թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի գործակցությունն ավելի ակտիվացավ: Վրաստանը մտադիր է 2016-ին «Անդամակցության գործողությունների ծրագիր» ստանալ ՆԱՏՕ-ից:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---