Եվս 1 տուն. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են գործակցել

Եվս 1 տուն. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են գործակցել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել են Հայրապետյանների կիսակառույց տան շինարարությանը: Ավելի վաղ գործակցող կողմերը ևս չորս ընտանիքի հոգս են լուծել նույն մարզի Խոր Վիրապ և Մարմարաշեն համայնքներում:

Հայրապետյաններն իրենց տան շինարարությունը սկսել են 25 տարի առաջ: Այդ ընթացքում ընտանիքին հաջողվել է կառուցել միայն նկուղը, որտեղ ապրել են 10 տարի, ապա արտերկիր մեկնող հարևաններից մեկը նրանց ժամանակավորապես տրամադրել է իր բնակարանը: Ընտանիքից պահանջվել է 15 տարի՝ կառուցվելիք տան պատերը կանգնեցնելու համար:

«Տղաս՝ Հարությունը, ծնվել ու մեծացել է մութ ու խոնավ նկուղում: Ամուսինս ու ես երկար տարիներ չէինք կարողանում ներել մեզ, որ չկարողացանք տարրական պայմաններ ապահովել մեր տղայի համար: Հիմա որդիս ինքն էլ ընտանիքն ունի, ու ես այնքան երջանիկ եմ, որ վերջապես կարող ենք ապրել սեփական հարկի տակ և զգալ օջախի ջերմությունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Ռայան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ այս տարի 40 ընտանիք հաղթահարել է տուն կառուցելու խնդիրը:

«Մենք սիրով և հպարտությամբ ենք մասնակցում այս ծրագրի իրականացմանը: Եվ ամենևին պատահական չէ, որ մենք մեր աջակցությունը չենք սահմանափակում միայն ֆինանսական ներդրմամբ: Շինարարական աշխատանքներում ներգրավվելու մեր աշխատակիցների պատրաստակամությունը խնդրի լուծման բարոյական կողմն է, ինչն ավելի կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայ մարդու համար և առհասարակ մարդկության համար ամենակարևոր վայրը տունն է. վայր, ուր մարդը կայանում է, ուր ծնվում են նրա հույսերն ու երազները, ուր անցյալն ու ապագան միահյուսվում են ու դառնում ընտանիքի պատմություն: Այս ընտանիքի համար այս տունը քառորդ դարի երազանք է ու վստահաբար արժեր այդ երազանքն իրականություն դարձնել»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ծրագրի իրականացման համար 2015-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014-ին՝ 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս գործակցության շնորհիվ՝ 2007-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել:

Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---