Սեպտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենա Դուդուկի երկրորդ միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենա Դուդուկի երկրորդ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա Դուդուկի միջազգային երկրորդ մոսկովյան փառատոնը, որին կմասնակցեն աշխարհի լավագույն դուդուկահարները:

Փառատոնին մասնակցելու է դուդուկի լեգենդ, ՅՈւՆԵՍԿՕ-ի քառակի մեդալակիր, «Գլադիատոր» ֆիլմի համար «Ոսկե գլոբուսի» արժանացած Ջիվան Գասպարյանը, ինչպես նաև նրա թոռն ու տաղանդավոր հետնորդը` Ջիվան Գասպարյան կրտսերը: Մասնակցում են նաև Հայաստանի վաստակավոր վարպետներ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, Գագիկ Մալխասյանը և Գեորգի Մինասովը «Դուդուկներ» համույթի հետ, երիտասարդ դուդուկահարներ Հայաստանից` Գեորգի Մինասով կրտսերն ու Արտակ Ասատրյանը, Մոսկվայի դուդուկի դպրոցի ղեկավար Հովհաննես Ղազարյանն ու նրա «Դուդուկահար» համույթը, հայտնի կոմպոզիտոր և դերասան Նորայր Բարսեղյանը, «Դուդուկ-բենդ» անսամբլի ղեկավար Վիտալի Պողոսյանը, Բաբելոնի փառատոնի գրան պրիի մրցանակակիր Մարտին Ղազարյանը, «Ուրարտու» դուդուկահարների քառյակը, հայտնի դուդուկահար Argishty-ն, «Փառքի րոպե»-ի կիսաեզրափակչի հաղթող Արամ Ավետիքյանը, «Համշենի ձայն» ժողովրդական ազգագրական անսամբլի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը և փառատոնի ամենափոքր մասնակիցը` 8-ամյա դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը:

Դուդուկի մոսկովյան առաջին փառատոնը 2014-ի ապրիլի 30-ին էր: Դրա կազմակերպիչները dudukist.ru նախագծի հեղինակներն են՝ Սուրեն Բաղդասարյանը, Մարինա Սելիվանովան և Հովհաննես Ղազարյանը, վերջինս նաև դրա մասնակիցն էր: Փառատոնին մասնակցել էին նաև Մարտին Ղազարյանը Իրկուտսկից, Վարդան Հարությունյանը, Վալերի Նամը, Արգիշտի Ամիրյանն ու Վիտալի Պողոսյանը Սանկ Պետերբուրգից, Արամ Ավեդիքյանը, Յուրի Մուրադյանը, Սելենան, Գեղամ Օհանյանը, Գևորգ Հայրապետյանը, Դավիթ Հովսեփյանն ու Մերուժան Աչոյանը Մոսկվայից, Ալեքսեյ Սադոևը Դոնի Ռոստովից և այլք:

Փառատոնն ամենամյա է և հաջորդ տարի կանցնի աշխարհի միանգամից երեք երկրում:

Փառատոնի կազմակերպիչն է DUDUKIST նախագիծը` Ռուսաստանի Հայ երիտասարդության աջակցությամբ:

Դուդուկը կամ Ծիրանափողը հայկական փողային գործիք է, որը տարածված է նաև Մերձավոր Արևելքում: Այն պատրաստվում է ծիրանենու փայտից, փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ: Ըստ որոշ տվյալների, դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի: 2005-ին հայկական դուդուկի նվագը ճանաչվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---