Բեգլարյան. «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի կահավորանքը կավարտվի դեկտեմբերի վերջին

Բեգլարյան. «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի կահավորանքը կավարտվի դեկտեմբերի վերջին

PanARMENIAN.Net - «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվող արագընթաց մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում, որտեղ ավարտվել են բետոնապատման աշխատանքները, այժմ կառուցապատող ընկերությունն իրականացնում է ճանապարհի լուսավորության, կահավորման աշխատանքներ: Կահավորանքը կավարտվի դեկտեմբերի վերջին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ օգոստոսի 28-ին ծանոթանալով Հայաստանի հարավում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

«Մենք այսօր որակից գոհ ենք, աշխատանքներն իրենց հունով շարունակվում են։ Մեր ժողովուրդը շատ անհանգստանում է, թե աշխատանքներ չեն կատարվում, բայց տեսնում եք, որ աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է: Կահավորանքը, որն իրականում աշխատատար է, կավարտենք դեկտեմբերի վերջին։ Կարևորն այն է, որ այն աշխատանքներն են մնացել, ինչը եղանակը մեզ թույլ կտա, որ ավարտենք դեկտեմբերին» - ասել է Բեգլարյանը:

Նախարարը ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ տրանշները կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության պատասխանատուների հետ զրույցում անդրադարձել է հաճախ հնչող այն մտահոգությանը, թե այդ ճանապարհահատվածով երթևեկելիս՝ ճանապարհի կարերի պատճառով ձայն է լսվում։ Ընկերության արտադրության պետ Լուիս Մարտինեսը լրագրողներին ասել է.

«Բետոնի պատվածքն, ինչպես տեսնում եք, կտրած է և կարերի մեջ հատուկ նյութ է լցված։ Նպատակն այն է, որ ամառ-ձմեռ ջերմաստիճանի տատանման ժամանակ բետոնը չճաքի։ Իսկ ձայնը այդ կարերին մեքենաների անիվների հպումից է գալիս: Նման բանի կարող եք ականատես լինել օրինակ Գերմանիայում կամ եվրոպական որևէ այլ երկրում, որտեղ բետոնե ծածկույթով ճանապարհ կա»:

Ընկերության պատասխանատուի խոսքով՝ ճանապարհահատվածը լիարժեք շահագործման հանձնելուց հետո, երբ երթևեկության թույլատրելի արագությունը կլինի ժամում 110 կմ, ձայնն այլևս ոչ ոքի չի անհանգստացնի:

Բեգլարյանը Վայոց ձորի մարզում եղավ միջպետական մայրուղու այն հատվածում, որտեղ մայիսի 20-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում, ինչի հետևանքով ճանապարհն անանցանելի էր: Փլուզված հատվածն արագ վերականգնել է Վայքի ճանապարհաշինական ընկերությունը: Նախ բարձրացվել է ճանապարհահատվածի անվտանգությունը՝ ներքևի հատվածում կառուցելով 37 գծամետր երկարությամբ բետոնե հենապատ: Տեղադրվել են ջրահեռացման նոր համակարգեր, արգելափակոցներ, ասֆալտապատվել է ամբողջ փլուզված ճանապարհահատվածը:

ՀՀ պետական բյուջեից ճանապարհի վերականգնման համար հատկացվել էր 99 մլն 900.000 դրամ:

556 կմ ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը մուտք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019-ին: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ $1,5 մլրդ: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է $100 մլն-ի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը:

Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---