Ադրբեջանի ԱԳՆ-ն չի առարկում Հենրիխ Մխիթարյանի այցին. Հիմք է ընդունվել թիմային մոտեցումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի առարկում Հենրիխ Մխիթարյանի այցին. Հիմք է ընդունվել թիմային մոտեցումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և միջազգային մամուլում 3 օր շարունակ քննարկվում էր Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի խաղին տեղի «Գաբալայի» հետ: 3 օր անց պաշտոնական Բաքուն պարզաբանել է իր դիրքորոշումը:

«Բորուսիա» - «Գաբալա» ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Բաքվում:

Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Նա նշել է, որ վերջին 10 տարում Ադրբեջանում անցկացվել է մոտ 300 միջազգային սպորտային միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 100 հայ մարզիկ, այդ թվում նաև Հայաստանից, հայտնում է contact.az-ը :

«Մասնակցելով նման մրցումների, յուրաքանչյուր պետություն ելնում է ՈւԵՖԱ-ի ընդհանուր կանոններից: Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Աստեղ որպես հիմք է ընդունվում թիմային մոտեցումը, ոչ թե առանձին անհատները: Դրոտմունդի «Բորուսիայի» այցն Ադրբեջանի նույնպես թիմային է, ոչ թե առանձին անհատների այց»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց «սև ցուցակին», ապա, ըստ Հաջիևի, յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում:

Դորտմունդի «Բորուսիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ, որտեղ ընդգրկվել է C խմբում՝ ՊԱՕԿ-ի (Հունաստան), «Կրասնոդարի» (Ռուսաստան) և «Գաբալայի»(Ադրբեջան) հետ: Սակայն, ղարաբաղյան խնդրի պատճառով Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի վիզա չեն կարող ստանալ. ըստ այդմ՝ մեծ էր հավանականությունը, որ «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին:

«ՈւԵՖԱ-ն արտագնա խաղերի կազմակերպման և վիզաների հետ կապված խնդիրների ժամանակ միշտ աջակցություն է ցույց տալիս ակումբներին, հատկապես, երբ նման խնդիրները անհրաժեշտ է լինում կարճ ժամկետներում լուծել: Կարծում եմ, որ Մխիթարյանի ուղևորությունն Ադրբեջան բացառություն չի լինի», ասել էր ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:

Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում ֆուտբոլիստը խփել է 7 գոլ։ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում, նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը:

Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում «Բորուսիան» պատասխան խաղում 7:2 հաշվով ջախջախեց նորվեգական «Օդդ Գրենլանդին» և նվաճեց խմբային փուլի իր: Մխիթարյանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և աչքի ընկավ խփած գեղեցիկ գոլով ու երկու գոլային փոխանցմամբ, որնք երկու դեպքում էլ հասցեագրված էին Մարկո Ռոյսին:

Մինչդեռ հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացվող մրցումներին հաճախ է ուղեկցվում միջադեպերով` մարզիկներին, Հայաստանի դրոշն ու օրհներգը դիմավորում են սուլոցներով, մարզիկներին և պատվիրակության անդամներին անվտանգության նկատառումներով արգելվում է լքել հյուրանոցը: 2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում անցկացող Եվրոպայի առաջնությանը: 2012-ին Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել հավակնորդների մրցաշարին Բաքվում և նամակ հղեց Իլյումժինովին` նշելով, որ ընդունող կողմը չի կարող ապահովել անհրաժեշտ պայմանները խաղի վրա կենտրոնանալու համար: Սակայն 2014-ին Լևոն Արոնյանը տվեց իր համաձայնությունն Աշխարհի գավաթին մասնակցելու վերաբերյալ, որը կայանալու է 2015-ին Բաքվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---