Վենետիկի 72-րդ միջազգային կինոփառատոնը բացվել է. «Ոսկե առյուծի» համար կպայքարի 21 ֆիլմ

Վենետիկի 72-րդ միջազգային կինոփառատոնը բացվել է. «Ոսկե առյուծի» համար կպայքարի 21 ֆիլմ

PanARMENIAN.Net - Լիդո կղզում սեպտեմբերի 2-ի երեկոյան կայացել էՎենետիկի 72-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ Հիմնական մրցույթի ժյուրին կղեկավարի «Գրավիտացիայի» հեղինակ, մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը։

Կինոփառատոնը բացվել է Բալտազար Կորմակուրի «Էվերեստ» ֆիլմով։ Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմը պատմում է 1996թ-ին տեղի ունեցած ողբերգության մասին, երբ Էվերեստ լեռը մագլցող մի քանի խումբ հայտնվեց ձնամրրիկի էպիկոնտրոնում։ Իսլանդացի Կորմակուրը նկարահանել է ֆիլմը Նեպալում և իտալական լեգենդար Cinecitta ստուդիայում՝ փորձելով կրկին ներկայացնել այս պատմությունը։ Ֆիլմում նկարահանվել են Ջոշ Բրոլինը, Ջեյք Ջիլենհոլը, Կիրա Նայթլին և Ռոբին Ռայթը, այն էկրաններին կհայտնվի սեպտեմբերի վերջին։

2015-ի մրցութային ծրագրում ներառված է 21 ֆիլմ, որոնք կպայքարեն «Ոսկե առյուծի» համար, այդ թվում՝ հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» կինոնկարը։ Ֆիլմերի թվում են Ջուզեպե Գաուդինոյի «Հանուն Ձեզ», Քսավյե Ջանոլիի «Մարգարիտա», Ամոս Գիտայայի «Ռոբին, վերջին օրը», Լուկի Գուադանինոյի «Մեծ ճղփոց», Օլիվեր Հերմանուսի «Անվերջ գետը», Թոմ Հուպերի «Դանիացի աղջիկը», Չառլի Քաուֆմանի և Դյուկ Ջոնսոնի «Անիմալիզա», Պյերո Մեսինայի «Սպասում», Եժի Սկոլիմովսկու «11 րոպե», Պաբլո Տրապրոյի «Ցեղը», Քրիստիանա Վենսանի «Կնգում», Ժաո Լիանգի «Գետաձին», Էմին Էլպերի «Աբլուկա», Սյու Բրուքսի «Գրեյսին որոնելիս», Ատոմ Էգոյանի «Հիշիր», Դրեյք Դորեմուսի «Հավասարները», Քերի Ֆուկունագայի «Անազգ գազանները», Լորի Անդերսոնի «Շան սիրտը» և Մարկո Բելոքիոյի «Արյանս արյունը» ֆիլմերը։ Հաղթողները կհայտարարվեն սեպտեմբերի 12-ին։

Վենետիկի միջազգային կինոփառատոնն աշխարհում հնագույն միջազգային կինոփառատոնն է՝ հիմնված 1932թ-ին՝ իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ։ Այն յուրաքանչյուր տարի անց է կացվում Լիդո կղզում՝ սկսած 1934թ-ից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---