«Ֆրանսիական օրեր Արցախում». Պատրիկ Ֆիորին համերգ կտա Ստեփանակերտում

«Ֆրանսիական օրեր Արցախում». Պատրիկ Ֆիորին համերգ կտա Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին համերգ կտա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 19-ին: Նա ելույթ կունենա «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակում, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Փառատոնը կանցկացվի ԼՂՀ-ում սեպտեմբերի 17-ից 19-ը: Միջոցառման նպատակն է սերտացնել Արցախի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական կապերը և ընդլայնել երկխոսությունն ու գործակցության ոլորտները:

Փառատոնի շրջանակում Արցախ կժամանեն «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, Արցախի համայնքների հետ բարեկամացած Ֆրանսիայի քաղաքների, «Սատար Ղարաբաղին» միության և Ֆրանսիայի հայկական համայնքի մոտ 200 ներկայացուցիչ, ինչպես նաև արվեստագետներ ու լրագրողներ։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում «Հավերժություն» քանդակի (հեղինակ Թորոս) հանդիսավոր բացման և «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում, արցախյան և ֆրանսիական խոհանոցների ներկայացում, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի բացման արարողություն Շուշիում, ֆրանսիական «Ֆոլիմաժ» ստուդիայի անիմացիոն ֆիլմերի շնորհանդես Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամությունը խորհրդանշող բացիկների պատրաստման մրցույթ Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան պուրակում։

Պատրիկ Ֆիորին (Շուշայան) ծնվել է 1969-ի սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: «Ինչքան ինձ հիշում եմ, ես շրջապատված եմ երաժշտությամբ», ասում է երգիչը, հավելելով. «Երբ ես փոքր էի, իմ քույրերն ինձ համար օրորոցային էին երգում: Մեր տանը երգում են բոլորը` նույնիսկ բաղաձայն հայրս»:

Երգիչն առաջին անգամ բեմ է դուրս եկել 12 տարեկանում, Մարսելի օպերայում: Ֆիորին շատ արագ ճանաչում է ստանում և հրավերներ ստանում տարբեր վայրերից: 1992-ին «Ֆրանսիական երգ» մրցույթում արժանանում է առաջին մրցանակի: 1993-ին նրան պատիվ է վիճակվում Ֆրանսիան ներկայացնելու «Եվրատեսիլ» երգի մրցույթում, որտեղ Mama Corsica երգով զբաղեցնում է 4-րդ տեղը: 1994 և 1995-ին նա թողարկում է երկու ձայնասկավառակ:

1997-ին երգիչը մեծ վերելք ապրեց «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում ելույթ ունենալուց հետո: Գառուի և Դանիել Լավուայի հետ համատեղ ձայնագրած Belle երգը պտտվում էր ողջ աշխարհով մեկ:

2000-ին մյուզիքլից դուրս գալուց հետո նա ձայնագրել է ևս 5 ալբոմ: 2010-ին L’instinct masculin ալբոմը 3 ամիս անց դարձավ պլատինե:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---