Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները՝ ԵԱՀԿ-ի համաժողովի քննարկման կենտրոնում

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները՝ ԵԱՀԿ-ի համաժողովի քննարկման կենտրոնում

PanARMENIAN.Net - Վարշավայում ընթացող ԵԱՀԿ-ի կազմակերպած համաժողովի՝ Human Dimension Implementation Meeting-ի (մարդկայնության չափում) ժամանակ ԱՄՆ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Քրեմերն իր ելույթում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների համատեքստում անդրադարձել է նաև Ադրբեջանին։

«Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը մտահոգիչ է։ Մարդու իրավունքի ակտիվիստները, լրագրողները և նրանց շահերը ներկայացնող փաստաբանները հարցաքննվում են կամ ազատազրկման մեջ են գտնվում, իսկ ազատազրկման դատապարտվածներից մի քանիսի առողջական վիճակը արագորեն վատթարանում է»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմամբ և ԺՀՄԻԳ դիտորդների քանակը կրճատելու վերաբերյալ պնդումներով նահանջել է ԵԱՀԿ կառույցների հետ գործակցությունից, գրում է Panorama.am-ը:

Human Dimension Implementation Meeting-ի իրականացման հարցերով խորհրդակցությունը (HDIM, Human Dimension Implementation Meeting) մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով համաեվրոպական խոշորագույն ամենամյա կոնֆերանս է, որն անց է կացվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հովանու ներքո:

Համաժողովին ԵԱՀԿ անդամ 57 երկրի ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացությունները քննարկում են ԵԱՀԿ գործողության տարածքում մարդկայնության հիմնախնդիրները, առկա պայմանավորվածությունների կատարման ընթացքը և գործող լուծումների բարելավման ուղղությունները:

Ադրբեջանը, որպես քաղաքացիների հիմնարար ազատություններն ու խոսքի իրավունքը խախտող երկիր, դարձել է ԵԱՀԿ-ի 57 անդամ երկրներից ամենաշատ հիշատակվողը, գրում է Tert.am-ը:

Ադրբեջանը դարձել է միակ երկիրը, որի դեմ քաղաքացիական ակտիվիստների խումբը նիստերի դահլիճում բողոքի ակցիա է կազմակերպել՝ լուռ բողոքելով քաղբանտարկյալների լուսանկարներով շապիկներով։

Համաժողովի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչն ու մի շարք կառավարամետ կազմակերպությունների ներկայացուցիչներ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունը կանխակալ են համարել՝ հղում անելով Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումներին։

Մասնավորապես, խոսել են ներգաղթյալների հանդեպ անհանդուրժողականության ու լրագրողների վրա գործադրվող ճնշումների մասին։ Այդ դիրքորոշումը նման է եղել Ռուսաստանի ներկայացուցչի դիրքորոշմանը, որով նա հակադարձել է Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու ու Ղրիմի անեքսիայի մասին մեղադրանքներին։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Սեպտեմբերի 15 –ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարել է, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական գործակցությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո:««Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է գործակցությունն այդ կառույցի հետ։ Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև գործակցությունն ևս կասեցվել է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ Բաքուն ադեկվատ պատասխան է տվել Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Լինքը սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից դիտորդների թվի սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստիպված է հրաժարվել նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---