«Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում 5 հայ դերասան կխաղա. ՀՀ-ում քասթինգն ավարտվել է

«Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում 5 հայ դերասան կխաղա. ՀՀ-ում քասթինգն ավարտվել է

PanARMENIAN.Net - Ավարտվել է ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Մի երկրաշարժի պատմություն» մեծ բյուջեով ֆիլմի հայ դերասանների քասթինգը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուսաստանցի հայտնի հեռուստա-և կինոպրոդյուսեր, ռուսական խոշորագույն «Ցենտրալ պարտներշիփ» կինոընկերության հիմնադիր, «Մարս Մեդիա Էնթերթայնմենք»-ի հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանը:

Ֆիլմում կնկարահանվեն հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:

«Հայաստանում մենք ոչ միայն ճամփորդում էինք, այլ նաև աշխատում: Ավարտել ենք «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի համար հայ դերասանների քասթինգը: Շուտով կսկսվեն նկարահանման աշխատանքները»,-գրել է Դիշդիշյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում կնկարահանվեն Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովն ու Սաբինա Ախմեդովան: Պրոդյուսերը գրել էր. «Շատ ուժեղ սցենար է, որի հեղինակներն են Սերգեյ Յուդակովն ու Ալեքսեյ Գրավիցկին Արսեն Դանիելյանի մասնակցությամբ: Ֆիլմը պատմում է 1988 թ. Լենինականի երկրաշարժի մասին: Շատ կարևոր նախագիծ է ինձ համար»:

Ֆիլմի պաշտոնական սինոպսիսն այսպիսին է. Բնական աղետի ՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը, որի կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար:

Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը:

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո կշարունակվեն Գյումրիում:

1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, որը հետագայում անվանեցին Սպիտակի երկրաշարժ: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 հազար մարդ, 19 հազարը հաշմվել, 530 հազար բնակիչանտուն մնացել: Հայաստանն այդ օրերին դարձել էր միասնության էպիկենտրոն՝ փրկարարներ էին ժամանել ոչ միայն խորհրդային հանրապետություններից, այլև Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԳԴՀ-ից, ԱՄՆ-ից: Մոտ 100 պետություն օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին: Սպիտակի երկրաշարժը համարվում է 20-րդ դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---