928 մլն դրամի պետաջակցություն՝ սահմանամերձ համայնքներին

928 մլն դրամի պետաջակցություն՝ սահմանամերձ համայնքներին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016-ի պետբյուջով կհատկացվի 928 մլն դրամ:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:

Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։

Գործադիրը նիստում հավանություն է տվել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությանը: Եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։ Առաջիկա 3 տարում ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարևոր սկզբունքների ներկայացումը, փոքր և միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայր ապահովելը` կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով։

Հանդիսանալով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը՝ կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում ՓՄՁ ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---