ՔԱԿ զինյալները հրադադար են հայտարարել մինչև Թուրքիայում նոյեմբերի 1-ի ընտրությունները

ՔԱԿ զինյալները հրադադար են հայտարարել մինչև Թուրքիայում նոյեմբերի 1-ի ընտրությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ռազմական թևը հաստատել է, որ կպահպանի հայտարարված հրադադարը, հայտնել է Reuters գործակալությունը:

Հոկտեմբերի 10-ին ՔԱԿ ղեկավարությունը հրամայել է իր գրոհայիններին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները մինչև նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայտարարությունն արվեց Անկարայում բազմաթիվ կյանքեր խլած ահաբեկչական գործողությունից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

97 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է եռօրյա ծրագիրը Ստամբուլում և վերադարձել է մայրաքաղաք:

Պայթյունների պատճառով Թուրքիայում 3 օրով կասեցվել է նախընտրական արշավը:

Ինչպես հայտնում է «Ֆիրաթ» քրդամետ գործակալությունը, ՔԱԿ ռազմական թևի առաջնորդներից Մուրադ Քարայիլանը հաստատել է, որ քուրդ զինյալները կհրաժարվեն ռազմական գործողություններից, եթե չենթարկվեն թուրք ուժայինների հարձակման:

Մինչդեռ Թուրքիայի Գլխավոր շտաբի հոկտեմբերի 12-ին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական օդուժի գրոհի արդյունքում Հաքքյարի գավառում ոչնչացվել է ՔԱԿ 17 գրոհային, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հոկտեմբերի 11-ին Հաքքյարիում ՌՕՈւ գործողության արդյունքում ոչնչացվել է ՔԱԿ 17 գրոհային, ինչպես նաև 3 թաքստոց և 1 զինապահեստ: Տարածքի զննություն արդյունքում հայտնաբերվել է ՌՊԳ-7 նռնականետ և զինամթերք, զենիթային կայանքի 600 արկ, պայթուցիկ նյութեր, այլ զենք ու զինամթերք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---