Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել է Ասադի այցը Մոսկվա

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել է Ասադի այցը Մոսկվա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` քննարկելով իրավիճակը Սիրիայում և իրազեկելով նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Քննարկվել է իրավիճակը Սիրիայում: ՌԴ նախագահը տեղեկացրել է իր թուրք պաշտոնակցին Սիրիայի նախագահ Ասադի Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 20-ի երեկոյան այցելել է Մոսկվա և բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Պեսկովի, «բանակցությունները բավականին տևական էին, թեմատիկան միանգամայն հասկանալի»: «Բնականաբար, քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում ռուսական գործողության շարունակման հետ կապված հարցեր: ՌԴ նախագահին հանգամանորեն իրազեկել են Սիրիայում տիրող իրավիճակի, հեռանկարների մասին»,-ասել է նա:

Թուրքական Haber Turk հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ Էրդողանը մտավախություն է հայտնել, որ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով կարող է ավելանալ փախստականների հոսքը Թուրքիա: Նա ՌԴ նախագահի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայում արգելված ՔԱԿ կուսակցության կապին Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության հետ: Նախագահները պայմանավորվել են առավել հանգամանալից քննարկել այս հարցերը Անթալիայում նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպմանը:

Մինչդեռ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովն ավելի վաղ հիշեցրել էր, որ «ոչ Ռուսաստանը, ոչ ՄԱԿ ԱԽ-ն չեն համարում, որ ՔԱԿ-ը, կամ ԺՄԿ-ն ահաբեկչական կազմակերպություններ են»: Ընդ որում Մոսկվան սիրիացի քրդերին համարում է սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ, որոնց հետ ՌԴ իշխանությունները մտադիր են երկխոսություն վարել իրավիճակի կարգավորման շուրջ: «ՔԱԿ հետ ՌԴ-ն շփումներ չունի; Ինչ վերաբերում է շփումներին ԺՄԿ հետ, ապա մեզ նույնիսկ Արևմուտքն է խնդրում կապեր հաստատել սիրիական ընդդիմության հետ»,-հայտարարել էր Կարլովը:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Սիրիայում ընդդիմությունն ու քրդերը դաշինք են կնքել` «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար: Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդական ուժեր» անվանումը: Դաշինքի կազմում միավորվել են Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրիստոնյա ասորիների ուժերը, ինչպես նաև Սիրիական արաբական կոալիցիան, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության միավորված ստորաբաժանումները: Որպես հիմնական թիրախ հայտարարված է պայքարը ԻՊ դեմ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---