27 հոկտեմբերի 2015 - 10:45 AMT
ՀՀ-ն Ռումինիայից ատրճանակներ և հրացաններ է գնել, Ադրբեջանը Կանադայից` ինքնաձիգեր

2014-ին Հայաստանը Ռումինիայից գնել է 55 հատ ատրճանակ և 130 հատ հրացան: Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում:

Զեկույցում նշված է, որ գնված ատրճանակներն իտալական արտադրության են: Դիպուկահար հրացանները 7,62 մմ տրամաչափի են:

Ըստ զեկույցի Ադրբեջանը 2014-ին գնել է Կանդայից 500 հատ գրոհիչ հրացան (ինքնաձիգ): Այլ մանրամասներ գնված զենքի մասին չեն հաղորդվում:

Ըստ զենքի վաճառքի մասին տվյալների, 1 տարում Ադրբեջանը մեկ տարում Ռուսաստանից ստացել է 65 տանկ, 78 միավոր այլ զրահատեխնիկա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանի (100 մմ մեծ տրամաչափով հաուբիցներ, հրանոթներ, ականանետեր):

Նույն ժամանակահատվածում Հայաստան առաքված զենքի մասին Ռուսաստանը չի հայտնել:

2013-ին, ըստ ՌԴ կողմից Սովորական սպառազինությունների ռեգիստրին ներկայացրած տվյալների, ՌԴ-ն Ադրբեջան է առաքել 10 տանկ, 10 միավոր զրահատեխնիկա, 438 միավոր հրետանի, 25 ուղղաթիռ: 2013-ին Հայաստան է առաքվել 50 շարժական զենիթահրթիռային համակարգ և դրանց համար նախատեսված 200 հրթիռ, 35 տանկ, 110 միավոր այլ զրահատեխնիկա:

Երկրները զենքի վաճառքի մասին տվյալները ՄԱԿ ռեգիստրին են ներկայացնում կամավոր սկզբունքով: Ռեգիստրը առաքումները վերահսկելու մեխանիզմ չունի: Սպառազինության իրական առաքումները զգալիրոեն տարբերվում են ռեգիստրում ներկայացված տվյալներից: