Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով

Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը:

«Սա պատերազմական գործողություն է, սրա հետևում ահաբեկչական բանակն է` «Իսլամական պետությունը», ջիհադականները, որոնք Ֆրանսիայի դեմ են ելել, այն արժեքների, որոնք մենք պաշտպանում ենք ամբողջ աշխարհում»,-ասել է Օլանդը, հայտնում է Lenta.ru-ն:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 127 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ըստ նրա, հաստատվել է 127 մարդու մահը: Ֆրանսիայի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել երկրում:

Մինչդեռ Ֆրանսիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական հարձակումից հետո ԻՊ-ն տեսանյութ է հրապարակել Ֆրանսիային հասցեագրված սպառնալիքներով: Գրոհայինները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել գրոհները, հայտնում է ՌԲԿ-ն:

«Իսլամական պետությունը» սպառնում է Փարիզից հետո գրավել Հռոմն ու Անդալուսիան, քանդել Սպիտակ տունն ու Բիգ Բենը, հայտնում է Telegram-ը:

«Խաչակիրներ, եթե դուք երազում եք Մոսուլի, Սինջարի, Ալ Հուլեմի, Ալ Հավիջի մասին…եթե դուք երազում եք Մայադինի, Քարմայի, Թել Աբիադի,…կամ Նիգերիայի մի կտոր ջունգլիների, իսկ Սինայում խրճիթի մասին, ապա մենք, Ալլահի թույլտվությամբ, ցանկանում ենք Փարիզը, և դա մինչ Հռոմն ու Անդալուսիան… Դա այն բանից հետո, երբ մենք կկառավարենք ձեր կյանքը, երբ կքանդենք Սպիտակ տունը, Բիգ Բենն ու Էյֆելյան աշտարակը»,-գրել են ահաբեկիչները, հայտնում է snob.ru-ն:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցել է ֆրանսիացի պատգամավորներին ահաբեկչությունների կապակցությամբ: Նա նշել է, որ նույնը տեղի է ունենում Սիրիայի տարածքում արդեն 5 տարի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Ֆրանսիայում երեկ տեղի ունեցավ այն, ինչ Սիրիայում կատարվում է արդեն 5 տարի»,-ասել է Ասադը Սիրիայում գտնվող ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---