Մոտ 55.000 ծառ և թուփ է ավելացել Երևանում 2015-ին

Մոտ 55.000 ծառ և թուփ է ավելացել Երևանում 2015-ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Երևանում համաքաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակի օր է հայտարարված: Ծառատունկի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Նոյեմբերյանի անտառտնտեսության տնկարանից Երևանի քաղաքապետարանին հատկացրել է մոտ 5.000 տարբեր ծառատեսակի տնկիներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ 2015-ին ընդհանուր առմամբ մոտ 55. 000 ծառ և թուփ է ավելացել մայրաքաղաքում:

«Ամեն տարի զգալիորեն ընդլայնում ենք նաև ոռոգման ցանցը, ընդ որում, յուրաքանչյուր տարի շուրջ 20 կիլոմետրով, ինչի արդյունքում եթե 3 տարի առաջ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը մոտ 845 հեկտար էր, ապա այսօր այն շուրջ 860 հեկտար է կազմում», - ասել է քաղաքապետը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղում կտնկվի ավելի քան 20 հազար ծառ և թուփ: Երևանի քաղաքապետի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում:

«Մասնավորապես, ծառատունկի հետ կապված այս անգամ հիմնական շեշտը դրել ենք մայրաքաղաքի որոշ հատվածներում ամառային շոգերի հետևանքով հրդեհված կանաչ տարածքների վերականգնման վրա: Ըստ այդմ, ծառատունկեր են իրականացվում Ծիծեռնակաբերդի լանջի հրդեհված տարածքում, Բուսաբանական այգում, ինչպես նաև «Փարոսի» անտառ-պուրակում: Բացի այդ, ծառերով ենք համալրում նաև նոր ստեղծված այգիներն ու պուրակները, ինչպես Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին է: Ի դեպ, այս տարի ստեղծել ենք ավելի քան 6 հեկտար նոր կանաչ տարածքներ, որոնց թվում թե՛ այս զբոսայգին է և թե՛ Շենգավիթ վարչական շրջանում ձևավորված Արցախյան ազատամարտի հերոս նահատակներից մեկի՝ Արթուր Կարապետյանի անվան զբոսայգին: Բացի այդ, համաքաղաքային ծառատունկերի շրջանակում նաև բակերն են համալրվում նոր ծառերով»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի զարգացման քառամյա ծրագրում առանձնակի կարևորված են նաև մայրաքաղաքի մուտքերի կանաչապատմանը, գեղարվեստական ձևավորմանն ու բարեկարգմանն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արգավանդի խաչմերուկին հարակից տարածքում, որը վերջին տարիներին ամբողջությամբ բարեկարգվել, կանաչապատվել է ու ապահովվել ոռոգման նոր համակարգով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---