16 նոյեմբերի 2015 - 13:45 AMT
Իրաքում հայտարարում են, որ զգուշացրել էին ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Իրանին հնարավոր ահաբեկչությունների մասին

«Իսլամական պետության» կողմնակիցներն ահաբեկչական գործողություններ են պլանավորել մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իրանում: Նոյեմբերի 15-ին նման հայտարարություն է արել Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին:

«Իրաքի հետախուզության աղբյուրները տեղեկություններ են ստացել այն մասին, որ մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իրանում ահաբեկչական գործողություններ են պատրաստվում, նրանք բոլորը զգուշացվել են»,-ասել է վարչապետը: Նա նշել է նաև, որ ԻՊ-ն սպառնալիք է բոլոր երկրների համար և Իրաքը զգուշացրել էր, որ այն կարող է տարածել իր գործողությունները նաև այլ պետությունների վրա: «Այն, ինչ կատարվեց Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում ու Ֆրանսիայում, հաստատում է այն փաստը, որ ԻՊ-ն համաշխարհային սպառնալիք է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, ըստ BFMTV հեռուստաալիքի, բացահայտվել է Փարիզում թատրոնի գրոհի 4-րդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը:

Ըստ հեռուստաալիքի, ահաբեկչի անունն է Սամի, նրա ընտանիքը բնակվում է Փարիզի Սեն Սեն Դենի դեպարտամենտի Բոբինյի քաղաքում` Փարիզի արվարձանում:

Ավելի վաղ պարզվել էր նաև ահաբեկչական գործողության անմիջական մասնակից 3 ահաբեկչի ինքնությունը: Մահապարտներից մեկը, որը գործի էր դրել պայթուցիը «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտ, Ֆրանսիայի 20-ամյա քաղաքացի Բիլյալ Հադֆին է: Մյուսը` 31-ամյա Իբրահիմ Աբդեսալոմը գործի է դրել «մահապարտի բաճկոնը» Փարիզի Վոլրտերի փողոցում: Իսկ Իսմաիլ Օմար Մոստեֆան, որի ինքնությունը հաստատվել է մատնահետքով, առնվազն 3-հոգանոց ահաբեկչական խմբի անդամ էր, որոնք ներխուժել էին «Բատակլան» համերգասրահ և սպանել էին 90 մարդու: Շենքի գրոհի ժամանակ նա պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, ավելի վաղ Figaro-ն հայտնել էր ևս մեկ հանցագործի անունը` Աբդուլբակ Բ. Մանրամասներ նրա մասին դեռևս չեն հաղորդվում: Ասվել էր նաև, որ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամմեդի անունով անձնագիրը հայտնաբերվել է մարզադաշտի մոտ գրոհայինների դիերի հարևանությամբ: Ավելի ուշ հաղորդագրություն հայտնվեց, որ նա Արևմտյան Եվրոպա էր հասել Հունաստանով և Սերբիայով: Իչպես նշում է RTL ռադիոկայանը, Ֆրանսիայի և ԱՄՆ մասնագետները կասկածներ ունեն անձնագրի իսկության վերաբերյալ: Ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով որոնվում է Ադեսլամ Սալահը: Որպես ահաբեկչությունների պատվիրատու ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են 27-ամյա Աբդելհամիդ Աբաուդի անունը Բելգիայից:

Նոյեմբերի 13-ի երեկոյան մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել Ֆրանսիայում: Անհայտները կրակահերթ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահը: Բացի այդ, «Բատակլան» թատրոնում անհայտները պատանդ վերցրեցին բազմաթիվ մարդկանց, հետո պայթյուն որոտաց: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասնում է 129-ի: