Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 103.5%

Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը՝  103.5%

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015-ի նոյեմբերի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.5%:

Միաժամանակ, հոկտեմբեր ամսվա ՏԱՑ-ը սեպտեմբեր ամսվա նկատմամբ կազմել է 86.5% (հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության և շինարարության ոլորտների ցուցանիշով` հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ նվազել է համապատասխանաբար 31.8% և 4.3%-ով), իսկ սեպտեմբերը 2014-ի սեպտեմբերի նկատմամբ` 105.5%: Ընդ որում, սեզոնային այս առանձնահատկությունն արձանագրվում է բոլոր տարիներին (համանման ցուցանիշով` 2012 թ.-ին` 83.1%, 2013թ.-ին` 86.9%, 2014թ.-ին` 86.5%):

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, որը կրճատվել է 6.4%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.6%, արդյունաբերությանը` 104.6%, ծառայություններինը` 102.8% և շինարարությանը` 100.1%:

Առևտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված լինել արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015-ի հունվար-սեպտեմբերին 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 52.2%-ով: 2015-ի և 2014-ի առևտրի ցուցանիշի ամսական (ամիսը նախորդ ամսվա նկատմամբ) ցուցանիշի դիտարկումը ցույց է տալիս, որ միտումը էական փոփոխություն չի կրել:

Ծառայությունների ոլորտում շարունակվում է պահպանվել աճը, որի տեմպը երկրորդ կիսամյակում փոքր-ինչ արագացել է:

Արդյունաբերության աճի տեմպը հունվար-հոկտեմբերին կազմել է 104.6% (ըստ գործունեության տեսակների, արդյունաբերության 2015-ի հունվար-հոկտեմբերի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն նոյեմբերի 30-ին, դրանց հիման վրա կտրվեն լրացուցիչ մեկնաբանություններ):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է գրանցվել (անվանական աճ) և հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում, աճի տեմպը` 107.9%, և էներգետիկայի ոլորտում` 104.6%, և մշակող արդյունաբերությունում` 102.4%:

Մշակող արդյունաբերության աճին նպաստել են հետևյալ ճյուղերի աճի տեմպերը. «Ծխախոտե արտադրատեսակներ»` 143.5%, «Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն»` 137.4%, «Դեղագործական արտադրանքի արտադրություն»` 135.4%, «Հագուստի արտադրություն»` 119.4%, «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն»` 193.0%, «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն»` 114.0% և «Ադամանդների մշակում»` 111.2%:

Ի հակադրություն վերջիններիս, նվազում է գրանցվել «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` -31.7%, «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` -30.5%, «Ոսկերչական զարդերի արտադրությունում»` -29.0%, «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»` -22.1%, «Խմիչքների արտադրությունում»` -20.3%, «Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունում»` -7.1%, «Հիմնային մետաղների արտադրությունում»` -4.2% և «Սննդամթերքի արտադրությունում»` -5.5%:

Ընդհանուր առմամբ մշակող արդյունաբերության ոլորտի համար հիմնական խնդիրներ են շարունակում մնալ ռուսական ռուբլու փոխարժեքը, ՌԴ-ից ստացվող պատվերների նվազումը, տեղական շուկայում վաճառքի տեմպերի նվազումը, միջազգային շուկայում գունավոր մետաղների գնի անկումը:

Արդյունաբերական արտադրանքի արտահանման աճ է գրանցվել մշակող արդյունաբերության հետևյալ ենթաճյուղերում. «Ծխախոտե արտադրատեսակների արտադրություն», աճի տեմպը` 167.6%, «Դեղագործական արտադրատեսակների արտադրություն»` 128.5%, «Ադամանդների մշակում»` 103.4% և «Հագուստի արտադրություն»` 103.1%:

«Խմիչքների արտադրություն» ենթաճյուղում արտահանման ծավալի 30.5% նվազումը հիմնականում պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների 36.4% նվազմամբ: Դեպի այլ երկրներ արտահանման աճի տեմպը կազմել է 125.1%:

«Հիմնային մետաղների արտադրություն» ենթաճյուղում -15.2% նվազումը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների գների նվազմամբ: Մասնավորապես` պղնձի գները 2014թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազել են 18.3%-ով, իսկ մոլիբդենինը` 42.5%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 20.4%-ով, արտահանումը` 2.2%-ով, իսկ ներմուծումը` 26.6%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---