Ֆիլհարմոնիկ նվագախումբը բազմաթիվ նախագծեր է իրականացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը բազմաթիվ նախագծեր է իրականացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը վեց տարվա բովանդակ և հագեցած պատմություն ունի: Այս գործակցության շնորհիվ Ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացրել է բազմաթիվ նախագծեր ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ՝ արտերկրում: Միայն վերջին երկու տարվա ընթացքում նվագախումբը հինգ շրջագայությամբ եղել է Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Լիբանանում:

«Այսօրվա աշխարհը լի է անտարբերությամբ և դաժանությամբ: Մեղմ և դրական մթնոլորտ, հաճելի տրամադրություն ստեղծելու գործում անչափ կարևոր է արվեստի դերը: Երաժիշտը, արվեստագետը չպետք է ծանրաբեռնված լինեն տարբեր հոգսերով՝ իրենց առաքելությունը լիարժեք իրականացնելու համար: Դասական երաժշտությունը, որը ներկայացնում է այս նվագախումբը, պետք է կատարողների սրտից հասնի յուրաքանչյուր ունկնդրի հոգուն: Նրանցից յուրաքանչյուրը պետք է դառնա հասարակությանը մարդկային լավ որակներ փոխանցող, բարձր արժեք թելադրող և կրթող դեսպան: Արդեն վեց տարի մենք աջակցում ենք այս նվագախմբին՝ նրանց դիտարկելով որպես այդ առաքելությունն իրականացնող պատվիրակների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ընթացիկ տարվա գարնանը նվագախումբը հյուրընկալվել է Ֆինլանդիայի Տամպերե, Դանիայի Կոպենհագեն և Օլբորգ քաղաքներում, ապա՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Իսկ Վաշինգտոնի, Լոս Անջելեսի և Մեխիկոյի ամենահեղինակավոր համերգասրահներում ներկայացել է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգաշարով՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և քննադատների բարձր գնահատանքին: Ուշագրավ իրադարձությունների շարքում է նաև հանրահայտ «Բեյթեդին» արվեստների փառատոնում նվագախմբի ելույթը:

Մինչև տարեվերջ՝ նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին և 3-ին ֆիլհարմոնիկը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում և Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում (2 համերգ): Ծրագրում ներառված են Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիոն», Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 1 և թիվ 6 սիմֆոնիաները: Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դաշնակահարուհի Սոֆիա Պաչինին (Գերմանիա): Հյուրախաղային այս ծրագիրը նոյեմբերի 26-ին կներկայացվի նաև Երևանում: Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտի կատարմամբ հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, երիտասարդ դաշնակահար Կարեն Հակոբյանը (ԱՄՆ):

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր շրջագայությունները կայացել են ՀՀ Կառավարության, Մշակույթի նախարարության և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Ի տարբերություն ժամանցային և մեդիա-ինդուստրիայի միջոցով լսարանին հասանելի էստրադային երաժշտության՝ դասական երաժշտությունը պահանջում է լուրջ աջակցություն: Մշակույթի պահպանման և զարգացման գործում անգնահատելի ներդրում կատարած ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ վեց տարի շարունակ ստանձնել է նվագախմբի գլխավոր գործընկերոջ առաքելությունը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն այդ ընթացքում նվիրաբերել է 1 645 000 000 դրամ՝ ֆիլհարմոնիկի գործունեությունն առավել արդյունավետ և անխոչընդոտ դարձնելու համար: Ընկերության դերը մեծ է նաև նվագախմբի համերգների վերաբերյալ երաժշտասեր հանրությանն իրազեկման գործում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---