Պետդեպը քննադատել է Թուրքիային լրագրողների ձերբակալության համար

Պետդեպը քննադատել է Թուրքիային լրագրողների ձերբակալության համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն քննադատել է Թուրքիայի կառավարությանն առանց դատարանի որոշման «Հանրապետություն» թերթի 2 լրագրողի ձերբակալության համար, որոնք պատմել էին «Իսլամական պետության» գրոհայիններին Անկարայից զենքի մատակարարման մասին: ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ «այդ հետաքննությունը, քրեական մեղադրանքներն ու ձերբակալությունը լուրջ հարցեր են ի հայտ բերում մամուլի ազատության հիմնարար սկզբունքին Թուրքիային հավատարմության առումով», հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Միևնույն ժամանակ Պետդեպը հիշեցրել է, որ «այդ իրադարձությունները կառավարության գործունեությունը քննադատող ԶԼՄ-ների դեմ կասկածելի հանգամանքներում իրավաբանական և իրավապահ մարմինների գործողությունների շղթայի մաս են կզմում»:

Վաշինգտոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին «հետևել, որ բոլոր անհատները և կազմակերպությունները, ներառյալ ԶԼՄ-ները, ազատ արտահայտվելու հնարավորություն ունենան, այդ թվում քննադատելու` Թուրքիայի սահմանադրության դրույթների համաձայն, որը երաշխավորում է մամուլի և արտահայտվելու ազատությունը:

Նոյեմբերի 26-ին Թուրքիայում ձերբակալվել են Սիրիայում գրոհային իսլամիստներին Անկարայի կողմից զենքի առաքման մասին հոդված հրապարակած լրագրողները: «Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և պարբերականի թղթակից Էրդեմ Գյուլը հրատարակել էին իրենց հետաքննության արդյունքները դեռ այս տարվա ամռանը, որից հետո մեղադրվել են անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լրտեսության և ահաբեկիչներին սատարելու մեջ: Իրենք լրագրողները հասցրել են ձերբակալությունից առաջ հայտարարել, որ պաշտպանել են անաչառ տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը և մերկացրել են իշխանությունների սուտը:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիային հակազդեցության կոմիտեի նախագահ Իրինա Յարովայան կոչ է արել «միջազգային պաշտպանություն տրամադրել ձերբակալված թուրք լրագրողներին, քանի որ նրանք բացահայտում են վտանգավոր միջազգային հանցագործություն:

Փաստերը, որոնց մասին գրել են ձերբակալված լրագրողները, վերաբերվում են 2014-ի հունվարին: Այն ժամանակ զինվորական պարեկախումբը կանգնեցրել էր Սիրիա ընթացող մի քանի բեռնատար: 2015-ի հունիսին «Հանրապետությունը» գրեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել հայտնի թուրք լրագրող և թերթի խմբագիր Ջան Դյունդարին: Ըստ լրագրողների, պատճառ են հանդիսացել ազգային հետախուզական ծառայության կողմից բեռնատարների զննության նյութերը, որոնք, հնարավոր է, զենք էին տեղափոխում Սիրիա ԻՊ համար: Իշխանությունները պնդում էին, թե խոսքը «հումանիտար բեռի» մասին է, որը օգնություն է տարել սիրիացի թուրքմեններին: Նախագահը մեղադրել է Դյունդարին լրտեսության մեջ և պահանջել 2 ցմահ բանտարկության դատապարտել նրան և ևս 42 տարվա ազատազրկման հանցագործությունների համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---