Հույները խնդրում են Ռուսաստանին ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը

Հույները խնդրում են Ռուսաստանին ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հունաստանի հանրությունը և ՌԴ-ում բնակվող հույները դիմել են Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Թուրքիայի կողմից իրագործված Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Խնդրագիրը հրապարակվել է համապատասխան Change.org առցանց հարթակում և հասցեագրված է ՌԴ նախագահին, Պետդումային և Դաշնության խորհրդին:

1914-1921 թթ. թուրքական իշխանությունները ոչնչացրել են 326-382 հազար խաղաղ հույների, որոնք վաղնջական շրջանից բնակվում էին Պոնտոսի տարածքում, ասվում է փաստաթղթում:

«Արդեն 100 տարի է անմեղ զոհրի հոգիները արդարություն են տենչում: Մենք դիմում ենք Ռուսաստանին, որն այն ողբերգական տարիներին ապաստան տվեց հարյուր հազարավոր հույների, որոնք մազապուրծ էին եղել թուրքերի վայրագություններից` խնդրելով հարգել անմեղ զոհերի հիշատակը: Մենք դիմում ենք ՌԴ նախագահին, Պետդումային և ՌԴ Դաշնության խորհրդին` կոչ անելով ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներն են «Երիտթուրքերի» կառավարության կողմից: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Տարբեր գնահատականներով 1912-1923 թվականներին զոհվել է մոտ 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով:

Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---