Ադրբեջանական Նարդարանը շրջափակման մեջ է. Լարվածությունը պահպանվում է

Ադրբեջանական Նարդարանը  շրջափակման մեջ է. Լարվածությունը պահպանվում է

PanARMENIAN.Net - Արյունալի բախումներից չորս օր անց ադրբեջանական Նարդարանում լարվածությունը դեռ շարունակվում է՝ բնակավայրը փաստացի շրջափակման մեջ է, Նարդարան մտնելու իրավունք ունեն միայն տեղական գրանցում ունեցողները։

Նոյեմբերի 26-ին ադրբեջանական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացել Նարդարանում, որը պաշտոնապես ներկայացվել է որպես պայքար արմատական իսլամական զինված խմբի դեմ: Գործողության ընթացքում վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու ոստիկան։ Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին։

Շրջանի կենտրոնում օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող տեղացիները համաձայնել են ապամոնտաժել վրաններն ու ազատել հրապարակը՝ փոխարենը իշխանություններից պահանջելով ընտանիքներին հանձնել բախումների ժամանակ զոհված նարդարանցիների դիակները, վերականգնել շրջանի հոսանքագիծը և վերջ տալ տարածքի ուժեղացված հսկողությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Նարդարանցիների առաջնորդ Նաթիգ Քարիմովը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը փոխանցել է, որ Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են զորք մտցնել շրջան։

«Մենք որոշել ենք խուսափել արյունահեղությունից, զիջումների գնալ և վրաններից մաքրել հրապարակը»,- ասել է Քարիմովը։

Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս շրջանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նարդարանի և պաշտոնական Բաքվի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել նոյեմբերի 26-ին, երբ ցերեկային նամազի ժամանակ Ադրբեջանի իրավապահները ներխուժեցին ավան, ինչն էլ հարուցեց հավատացյալների դժգոհությունը։ Ըստ ոստիկանության՝ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել:

Ադրբեջանական դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ պնդել է, որ Նարդարանի արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում՝ ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ:

«Չենք հավատում պաշտոնական տեղեկատվությանը»,-մեկնաբանելով նարդարանյան դեպքերը՝ ասել է Բաքվի բնակիչներից մեկը. - «Չեմ կարող գնահատական տալ տեղի ունեցածին, քանի որ բավարար չափով տեղեկացված չեմ։ Իսկ տեղեկատվության պակասը Ադրբեջանում սովորական երևույթ է, բայց պաշտոնական հայտարարություններին չեմ հավատում։ Մինչ այդ էլ տասնյակ անմեղ մարդկանց էին ձերբակալել, այդ թվում՝ Խադիջա Իսմայիլովային»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---