Սարկոզի. Թուրքիան Փոքր Ասիայում է, ոչ թե Եվրոպայում, և չի կարող անդամակցել ԵՄ-ին

Սարկոզի. Թուրքիան Փոքր Ասիայում է, ոչ թե Եվրոպայում, և չի կարող անդամակցել ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը մեծ սխալ կլինի:

Ըստ Սարկոզիի, չի կարելի Անկարային հավատացնել, որ Թուրքիան կարող է Եվրամիության մաս կազմել: Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է սերտ կապեր ունենա և մի շարք ընդհանուր շահեր այդ երկրի հետ, սակայն պետք է հստակ հայտարարի, որ այն Եվրամիության անդամ չի դառնա:

«Լուրջ սխալ է առիթ տալ Թուրքիային հավատալ, թե նա կարող է անդամակցել Եվրամիությանը: Դա մեծ սխալ է: Թուրքիան Փոքր Ասիայում է գտնվում, ոչ թե Եվրոպայում»,-ասել է Սարկոզին Europe 1 ռադիոկայանի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի վերջում ԵՄ-ն Թուրքիայի հետ համատեղ հավանություն տվեց մի համաձայնության, ըստ որի Թուրքիան Եվրամիությունից 3 մլրդ եվրո կստանա և կակտիվանա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերին Ստամբուլում խոստացել է, որ Գերմանիան կարագացնի Թուրքիայի անդամակցության գործընթացը Եվրամիությանը: Համապատասխան հայտարարությունը նա արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք առավել դինամիկ դարձնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը և բանակցություններ սկսել տնտեսությանը և դրամային քաղաքականությանը վերաբերող 17-րդ կետի շուրջ»,-ասել է նա: Մյուս կետերն, ըստ Մերկելի, կքննարկվեն ավելի ուշ:

Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ մինչև 2016-ի հուլիսը ԵՄ անդամ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ կսահմանվի: Մինչ այդ ժամկետը պետք է ուժի մեջ մտնի ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որով երկիրը պարտավորվում է հետ ընդունել իր քաղաքացիներին, հավելել է նա: Թուրքիայի վարչապետը նշել է, որ դա պետք է նպաստի միգրանտների խնդրի կարգավորմանը:

«Միջազգային հանրությունը պետք է համախմբված զբաղվի փախստականների խնդիրներով: Այդ հարցը հնարավոր չի լինի լուծել չկարգավորելով իրավիճակը Սիրիայում: Պայքարն ապօրինի ներգաղթի դեմ Գերմանիայի հետ մեր համագործակցության գլխավոր թեմաներից մեկն է»,-ասել է նա:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

2014-ի հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա