ՀՀ նախագահը մասնակցել է հանրաքվեին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկը (թարմացված)

ՀՀ նախագահը մասնակցել է հանրաքվեին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է  քվեաթերթիկը (թարմացված)

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցել են Երևանի Սուրեն Սպենդիարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 9/11 ընտրատեղամասը:

Մինչ քվեախցիկ մտնելը Սարգսյանը ողջունել է ընտրատեղամասում ներկա լրագրողներին, սակայն հարցերին նախագահը խոստացել է պատասխանել հանրաքվեի ավարտից հետո, գրում է Tert.am-ը:

Երևանի 9/11 տեղամասում քվեարկել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկելուց հետո լրագրողները խնդրել են մեկնաբանել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ փոփոխությունների դեմ առաջին և երկրորդ նախագահների հայտարարությունները մերկապարանոց են: Առաջին նախագահը պատասխանել է.

«Դուք միշտ խոսում եք օրենքը հարգելուց, ինչու՞ եք հիմա օրենքը խախտում, դուք հիմա խոսում եք կողմ կամ դեմ քվեարկելուց: Ես մի բան եմ ուզում ասել՝ առաջինը՝ ես կոչ եմ անում գալ և քվեարկել, ազատորեն, առանց բռնանալու իր կամքին: Եվ մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, ես կրկնում եմ՝ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն օբյեկտիվ կլինեն: Վերջ», մեջբերում է«Ա1+»-ը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նորք Մարաշի 157 դպրոցում գտնվող ընտրատեղամասում պատռել է քվեաթերթիկն այն քվեատուփ գցելուց առաջ՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» խոսքերով: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը հայտարարել է, որ դիմել է այդ քայլին «Հանրապետական կուսակցապետությունը մերժելու համար»:

Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 հանրաքվեի տեղամասում վարչապետ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի զարգացման, հանուն կայուն զարգացման:

«Ես համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, և մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ և արդար, և մեր հորդորն է եղել արջի ծառայություն չմատուցել, սա մեզ համար շատ կարևոր է, թող ժողովուրդը հասարակությունը որոշի, այո, թե ոչ», - ասել է նա:

Ըստ «այո»-ի շտաբի պետ, վարչապետ Աբրահամյանի՝ ժամը 11-ի դրությամբ որևէ լուրջ խախտման մասին ահազանգ չի ստացել:

«Հույս ունեմ, որ մեր թիմակիցները և հանձնաժողովի անդամներն ամեն ինչ կանեն խախտումներ չլինի, որևէ սադրանքի չգնան և ապահովեն արդար և թափանցիկ ընտրություններ», - ասել է վարչապետը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թոռնիկի հետ քվեարկել է Երևանի Պ. Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղակայված 6/1 ընտրատեղամասում: Նա Ասել է, որ քվեարկել է հանուն իր սկզբունքների, հանուն պետության ամրապնդման, գրում է Aravot.am-ը:

Լրագրողների հարցին՝ հիմա ի՞նչ, դեկտեմբերի 7-ին նո՞ր Հայաստանում ենք արթնանալու, այդ բարեփոխումները ե՞րբ ենք զգալու մեր մաշկի վրա, Սահակյանը պատասխանել է . «Ես ռոմանտիկ չեմ, Սահմանադրություններն ընդամենը հնարավորություններ են տալիս, իսկ աշխատանքներն իրագործվում են ժողովրդի հետ համատեղ»:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/14 ընտրատեղամասում։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25 տոկոսը:

Կարդացեք նաև՝ Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար (թարմացվող)

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---