Նախարարություն. Երևանում Գյուլերի թանգարանի բացմանը խոչընդոտում է շենքի հարցը![]() 10 դեկտեմբերի 2015 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանի ստեղծման հարցը դիտարկվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Նոյեմբերի 18-ին Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի և Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ սերտ կապեր ունեցող Doğuş հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ամբողջ անձնական արխիվը, Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցել է դրանք շահագործելու նպատակով վերոնշյալ հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը: Գործարքով Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները պետք է ստանային ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար: Սակայն, նոյեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել Doğuş հոլդինգի հետ կնքած պայմանագիրը: «2013-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը դարձել է մշտական: Լուսանկարչի Հայաստան այցի ժամանակ երկկողմ ցանկություն է եղել, որպեսզի Հայաստանում բացվի նրա ցուցահանդեսը, սակայն կա առանձին շենքի խնդիր, որ պետք է դեռ լուծվի», - ասաց Տեր-Վարդանյանը: Նրա խոսքով` մինչև Հայաստանում Գյուլերի թանգարանի բացման համար բարեբպաստ պայմաններ չստեղծվեն, դա չի կարող իրականացվել: Միաժամանակ, նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը կշարունակի փնտրել առանձնացված թանգարանի իրականացման հնարավորությունները: Առավել ևս, որ լուսանկարիչը խոստացել էր Հայաստանին այլ լուսանկարներ ևս նվիրել, հայտնեց Տեր-Վարդանյանը: Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով: Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |