Հանրաքվեին միջամտողների մասին լուրերը կարող են ազդել ԱՄՆ դեսպանատան ծրագրերին մասնակցությանը

Հանրաքվեին միջամտողների մասին լուրերը կարող են ազդել ԱՄՆ դեսպանատան ծրագրերին մասնակցությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը դեկտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին:

«Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների՝ մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:

Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը վերահաստատում է, թե խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ:

«Լիարժեք ու թափանցիկ քննությունները և դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին և քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս: Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

Դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկների արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:

Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները ևընդունել որոշում, համաձայն որի. «2015-ի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է»:

Դեկտեմբերի 11-ի դրությամբ հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների ընդհանուր թիվը, գլխավոր դատախազի փոխանցմամբ, 461-ն է, որոնցից 143-ով նախապատրաստվել են նյութեր, դրանցից 12-ն ուղարկվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգման նպատակով, 214-ով հարուցվել են քրեական գործեր, 189 ահազանգի վերաբերյալ կայացվել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ստացված խախտումներից 82-ը ներկայացվել են քաղաքացիների կողմից, 55-ը իրավապաշտպան կազմակերպությունների, ՀԿ-ների կողմից, իսկ 30-ը՝ դիտորդների: Մնացածը 300-ը կազմվել են գլխավոր դատախազության կողմից՝ տարբեր կայքերից հանված նյութերի առնչությամբ:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է թվով 78 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողով ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ: Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Կարդացեք նաև՝ ԱՄՆ դեսպանություն. Ընտրախախտումների մասին մտահոգիչ հաղորդումները պետք է հետաքննվեն

ԵՄ-ն ընտրախախտումների մասին հաղորդումների թափանցիկ քննության կոչ է անում

ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին. Ընտրախախտումների 67 ահազանգ են ստացել

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---