Պատվաստման ծրագիր. Մինչև 5 տարեկան երեխաների հոսպիտալացումը նվազել է մոտ 3 անգամ

Պատվաստման ծրագիր. Մինչև 5 տարեկան երեխաների հոսպիտալացումը նվազել է մոտ 3 անգամ

PanARMENIAN.Net - 2015-ի ընթացքում Հայաստանում պահպանվել է պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդությունների կայուն և բարենպաստ համաճարակային ֆոնը՝ չեն գրանցվել դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվել են միայն եզակի դեպքերով: Շարունակվել է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ», ինչպես նաև երկրում «կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայություն» կարգավիճակի պահպանումը:

ՀՀ-ում իմունականխարգելման ծառայությունները մատչելի ու հասանելի են բնակչության բոլոր խմբերի համար, ինչը փաստում են 2015-ին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված Իմունականխարգելման ազգային ծրագրի կառավարման գնահատման արդյունքները: Մասնավորապես, վերջին տարիներին դիտվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն աճ (նպատակային ցուցանիշը՝ 90%). 1 տարեկան երեխաների շրջանում անհրաժեշտ պատվաստումների ամբողջական փաթեթը ստացած երեխաների ընդգրկվածությունը 86%-ից (2008) աճել է մինչև 93% (2015թ.), 2 տարեկան երեխաների շրջանում՝ 82%-ից (2008) մինչև 94% (2015), 7 տարեկան երեխաների շրջանում՝ 93%-ից (2008) մինչև 97% (2015): Այստեղ միանշանակորեն առանցքային դերակատարում ունի բնակչության գիտակցական մոտեցումը և վստահությունը պատվաստումային գործընթացի նկատմամբ:

Վերջին 15 տարվա ընթացքում հաջողությամբ ներդրված հեպատիտ Բ, ԿԿԽ, հնգավալենտ, ռոտավիրուսային և պնևմակոկային վարակների դեմ պատվաստանյութերը վստահություն են ներշնչում բնակչության շրջանում և նպաստել են երկրում պատվաստումներով կառավարվող վարակիչ հիվանդացության և մանկական մահացության նվազեցմանը: Հատկանշական է ռոտավիրուսային վարակներով պայմանավորված մինչև հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների նվազեցումը՝ 2015-ին միջին տարեկան ցուցանիշը կազմել է 11.7 %, 2012-ի 34%-ի փոխարեն (նվազում մոտ 3 անգամ):

Կարևորելով պատվաuտանյութերի որակը և անվտանգությունը` հանրապետությունում 2015 թվականին զգալիորեն բարելավվել է պատվաuտանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ uառցային շղթան: Հանրապետության ազգային և մարզային պատվաստանյութերի պահպանման պահեստները համալրվել են ժամանակակից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության որակի չափանիշներին համապատասխանող uառնարան-սենյակներով ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով, իսկ 2016-ից հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները ևս կհամալրվեն uառնարաններով, ինչպես նաև ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով՝ բացառելով մարդկային գործոնը այն հնարավորություն կտա լիարժեք հսկողություն սահմանել սառնարանների ջերմային ռեժիմի նկատմամբ:

2015-ի օգոստոսից Հայաստանի Հանրապետության ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում մեկնարկել է նախազորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումների պլանային կարգով իրականացումը՝ ի լրումն 2014-ից սկսված զորակոչի ենթակա անձանց կանխարգելիչ պատվաստումների` նպատակ ունենալով սահմանել հետպատվաստումային շրջանում պատվաստվածների առողջական վիճակի նկատմամբ լիարժեք հսկողություն, ժամանակի առումով հնարավորություն ընձեռել պատվաստումներից հետո լիարժեք պաշտպանություն ձևավորվելու համար: Նշվածից բացի, զորակոչիկը և նախազորակոչիկը հետպատվաստումային շրջանում գտնվում են ընտանիքում և չեն ենթարկվում փոփոխվող միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը` ի տարբերություն կանխարգելիչ պատվաստումների իրականացման նախկին մոտեցման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---