25 դեկտեմբերի 2015 - 17:39 AMT
ՀՀ և ՌԴ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծումը մտահոգել է Թուրքիային

Թուրքիայի կառավարությունը մտահոգված է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին պայմանագրով: Բացի այդ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, թուրք պաշտոնյան, որը սակայն չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել է, որ Անկարան մտահոգված է Երևանի այն հայտարարությամբ, որ հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում գործնականում չի գործում:

Ըստ պաշտոնյայի, «Հայաստանն ու Ռուսաստանը պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք սպառնալիք են Կովկասում խաղաղության համար», քանի որ Անկարան «մտավախություն ունի, որ Երևանի դիրքորոշումը կարող է բարձրացնել տարածաշրջանում բախումների ռիսկը»: Նա նշել է նաև, որ Թուրքիան կշարունակի պահպանել «բարիդրացիական հարաբերությունները Կովկասում», հայտնում է Armenia Today-ը:

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին: Այն ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպման ավարտին:

Ավելի վաղ, խոսելով համաձայնագրի մասին, ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՀՕՊ միացյալ համակարգը կովկասյան տարածաշրջանում անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կտա երկու երկրներին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր համաձայնագիրը կկիրառվի ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, Տոնոյանն ասել էր. «Վստահ եմ, որ ոչ մի հիմք չկա կասկածի տակ դնելու համար ԼՂՀ ՊԲ ՀՕՊ միջոցների և ուժերի արդյունավետությունը»:

Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան): Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր: