ՌԴ կառավարությունն արգելել է թուրքերին կառուցել և զբոսաշրջային բիզնեսով զբաղվել Ռուսաստանում

ՌԴ կառավարությունն արգելել է թուրքերին կառուցել և զբոսաշրջային բիզնեսով զբաղվել Ռուսաստանում

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է թուրքական ընկերությունների համար Ռուսաստանում արգելված գործունեության տեսակները: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:

«Ստորագրված հրամանագրով հաստատվել է աշխատանքների (ծառայությունների) առանձին տեսակների ցանկը, որոնց իրականացումը Ռուսաստանի տարածքում 2016թ. հունվարի 1-ից արգելվում է Թուրքական Հանրապետության իրավասության տակ գտնվող կազմակերպություններին, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք վերահսկում են Թուրքական Հանրապետության քաղաքացիների կամ կազմակերպությունների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta.ru-ն:

Ցանկում են հայտնվել՝ շենքերի կառուցումը, ինժեներային կառույցների շինարարությունը և հատուկ մասնագիտական շինարարական աշխատանքները, գործունեությունը ճարտարապետության և ինժեներատեխնիկական սպասարկման, տեխնիկական փորձարկումների, հետազոտությունների և վերլուծության ոլորտներում, զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջության ոլորտում ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների գործունեությունը, հյուրանոցների և ժամանակավոր կացության այլ հաստատությունների գործունեությունը, պետական և քաղաքային կարիքների ապահովման համար աշխատանքների իրականացումը և ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև փայտավերամշակումը: Արգելքը չի տարածվում արդեն կնքված պայմանագրերի վրա, այն կգործի 2016-ի հունվարի 1-ից;

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: «Կլինեն նաև այլ գործողություններ, որոնց մասին կհայտարարվի, կառավարության նախագահն արդեն ազդարարել է դրանց մասին նիստերում»,-ասել էր փոխվարչապետը: Ըստ նրա, ՌԴ իշխանությունները մտադիր են «հետևողական լինել այդ հարցում»:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---