Պուտին. Սիրիայի հարցում պետք է գնալ սահմանադրության բարեփոխման ճանապարհով

Պուտին. Սիրիայի հարցում պետք է գնալ սահմանադրության բարեփոխման ճանապարհով

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «քիչ սխալներ չի գործել Սիրիայում հակամարտության զարգացման ընթացքում», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild թերթին տված հարցազրույցում: Ընդ որում Ասադը «չի ձգտում ոչնչացնել սեփական բնակչությունը: Նա պայքարում է նրանց դեմ, ով զենքով է եկել իր երկիր: Իսկ եթե դրանից տուժում է խաղաղ բնակչությունը, ապա կարծում եմ, որ առաջին հերթին դրա համար պատասխանատու են նրանք, ովքեր պայքարում են Ասադի դեմ զենքը ձեռքին և օգնում են զինված կազմավորումներին»,-ասել է Պուտինը:

Այդպիսի իրավիճակում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար պատասխանատու է ոչ միայն կառավարությունը, «որը ձգտում է պահպանել ինքնիշխանությունն ու պայքարում է այդ հակակառավարական գործողությունների դեմ», այլ նաև «կառավարության դեմ զինված պայքար կազմակերպողները»,-ասել է Պուտինը:

Պուտինը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ասադը Կրեմլի դաշնակիցն է: Նա հայտարարել է, որ պետք է ձգտել օրինական իշխանության Սիրիայում, թույլ չտալու համար, որ իրավիճակը զարգանա Լիբիայի սցենարով, այլ բարեփոխումներ իրականացնելով կայունացնել վիճակը: «Ինչ վերաբերում է Սիրիային, ապա կարծում եմ, որ պետք է գնալ սահմանադրության բարեփոխման ճանապարհով…Իսկ հետո արդեն նոր սահմանադրության հիման վրա անցկացնել նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններ»,-ասել է նա:

Պուտինը չի բացառել, որ ՌԴ-n կարող է քաղաքական ապաստան տալ Ասադին, եթե վերջինս պարտվի ընտրություններում, սակայն, կարծում է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, հայտնում է «Վեդոմոստին»:

ՌԴ նախագահը հերքել է սիրիական ընդդիմության դիրքերին ավիացոն հարվածների մասին լուրերը: «Նրանք ստում են: Այն տեսանյութերը, որ բերվում են որպես ապացույց, հայտնվել են դեռ մեր օդաչուների գործողություններից առաջ»,-ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը «սատարում է զինյալ ընդդիմությանը, որը պայքարում է ԻՊ դեմ: Մենք համաձայնեցրել ենք նրանց հետ մեր համատեղ գործողությունները և սատարում ենք նրանց նախահարձակ գործողություններին: Մենք սատարում ենք ինչպես Ասադի բանակին, այնպես էլ զինված ընդդիմությանը: Նրանցից ոմանք արդեն հայտարարել են այդ մասին, մյուսները լռում են, սակայն աշխատանքը տարվում է»,-ասել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը չի ակնկալում, որ Ասադը հրաժարական կտա Սիրիայի նախագահի պաշտոնից մինչր 2017-ի մարտը: Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ Օբամայի վարչակազմի կազմած իրադարձությունների զարգացման հիմնարար սցենարի նախագծի վրա հղումով:

Թե ինչպես տեղի կունենա Ասադի պաշտոնանկությունը, Սպիտակ տան ծրագրում չի ասվում: Ինքը Սիրիայի նախագահը հրաժավել է հեռանալ պաշտոնից, քանի դեռ երկրում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքը, հայտնում է Վեդոմոստին:

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բացառել է քաղաքական իշխանափոխության հնարավորությունը երկրում մինչ «ահաբեկչությանը հաղթելը»: Ինչպես հայտարարել է Ասադը իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում, «քաղաքական դաշտում ոչ մի բանի չի կարելի հասնել, քանի դեռ ահաբեկիչների տիրապետության տակ են Սիրիայի շրջաններից շատերը»: Ըստ նրա, ահաբեկիչներին հաղթելուց հետո ցանկացած իշխանափոխության համար բավական կլինի 1,5-2 տարի, լինի դա նոր սահմանադրության ընդունում, հանրաքվեի անցկացում, խորհրդարանի ընտրություններ կամ «ցանկացած այլ ընթացակարգ նախագահական կամ այլ մակարդակով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---