Թբիլիսի. Ադրբեջանական գազի առաքումը խափանումներով է իրականացվում

Թբիլիսի. Ադրբեջանական գազի առաքումը խափանումներով է իրականացվում

PanARMENIAN.Net - Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Դավիթ Թվալաբեիշվիլին պնդում է, որ մի շարք դեպքերում Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) չի ապահովում գազի անընդմեջ մատակարարում, հայտնում է «Գրուզիա-Օնլայնը»:

2015-ի հոկտեմբերին Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր Ռուսաստանից: Նախարարը նման հայտարարություն է արել ` անդրադառնալով ռուսական գազի գնման անհրաժեշտությանը: Վերջին շրջանում Վրաստանը բանակցում է «Գազպրոմի» հետ ռուսական գազի առաքումներ սկսելու շուրջ:

«Շախդենիզ» հանքավայրից արդյունահանվող գազի մասնաբաժինը կազմում է 30%, 50%-ը բաժին է ընկնում SOCAR-ին, իսկ 20%` ռուսական ընկերությանը: Պետք է նշել, որ վերջին շրջանում գազի սպառումը Վրաստանում զգալիորեն աճել է: Երբեմն առաքումը SOCAR-ի գազամուղով խափանումներով է իրականացվում: Ուստի որոշ դեպքերում մենք ստիպված ենք լինում պահպանել բալանսը ռուսական գազի հաշվին»,-ասել է Թվալաբեիշվիլին, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ: Այս մասին հաղորդեց իրանական Press TV-ին` վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության մենեջմենթի տնօրեն Ալիռեզա Կամելիին: Վրաստանի էներգետիկայի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեռևս իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա:

Ադրբեջանի նախագահ Ալիևը 2015-ի նոյեմբերին Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն ունի բնական գազի բավարար պաշար` «նույնիսկ 100 տարի անց հարևան և եվրոպական երկրներին գազ առաքելու համար»:

2015-ի հունվար-սեպտեմբերին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է մոտ 968 հազար տոննա գազ` մոտ $ 202 մլն, ինչը 25 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ադրբեջանը գազի հիմնական առաքիչն է այդ երկիր, բացի այդ Վրաստանը գազ է ստանում Ռուսաստանից որպես վճար դեպի Հայաստան գազի տարանցման համար` Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարով: Ռուսաստանից գազի առաքումների վերսկսման հնարավորությունը սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում`նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մեղադրում են Վրաստանի իշխանություններին երկրի արևմտամետ քաղաքական կուրսը փոխելու մտադրության մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---