Ուզբեկստանում ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ մեղադրվող հայը չի ընդունում մեղադրանքները

Ուզբեկստանում ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ մեղադրվող հայը չի ընդունում  մեղադրանքները

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի Դիզակի շրջանի դատարանում հունվարի 11-ին հայազգի Արամայիս Ավագյանը չի ընդունել իրեն առաջադրված ծանր՝ իսլամիստական ծայրահեղականության վերաբերյալ մեղադրանքները: Այս մասին տեղեկացրել է Ավագյանի պաշտպան Օլիմ Կադիլովը:

Սեպտեմբերի 4-ին Արամայիս Ավագյանին և նրա ուզբեկստանցի 4 ընկերներին առևանգել են: Ապա հայտնի է դարձել, որ Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունը երկու անչափահաս երեխա ունեցող հայազգի երիտասարդին մեղադրում է կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու, սահմանադրական կարգը տապալելու, նաև՝ գողության մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Պաշտպանը տեղեկացրել է, որ Ավագյանը մյուս ամբաստանյալների նման «մասամբ ընդունել է միայն խողովակների գողության մեղադրանքը»: Մայրը, սակայն, պնդում է, որ տղաները խողովակները գնել են մի ֆերմերից, վերջինս պատմել է, որ վաճառել է դրանք:

Ի տարբերություն «գողության», ըստ փաստաբանի, Արամայիսը կտրականապես հերքում է իսլամիստական ծայրահեղականության մեղադրանքները: Փաստաբանի խոսքով, ընդհանրապես չկան ս Ավագյանին վերագրվող ծանր հանցագործությունների պնդումները հիմնավորող ապացույցներ: Պաշտպան Կադիլովը հաստատել է տեղեկությունները, որ տաջիկ ամբաստանյալ Ֆուրքաթ Ջուրաևի ցուցմունքների հիմքով են մեղադրանք առաջադրել Ավագյանին, սակայն նշել է, որ նրա ցուցմունքները միայն բառեր են.- «Միայն նրա բառերն են, պետք է լինեն ապացույցներ…»։

Ավագյանին ծայրահեղականության, «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցելու մեղադրանքներ առաջադրելու շարժառիթի վերաբերյալ փաստաբանն առայժմ զերծ մնաց որևէ բան ասելուց: Պարզաբանումների համար սպասում է դատաքննության ավարտին:

Իսկ Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը պնդում է, որ որդուն բանտարկել են նրա վարձակալած ձկնաբուծարանը խլելու՝ Դիզակի համայնքապետի անհաջող փորձերից հետո: Պաշտպանական կողմը պնդում է, որ կան վկայություններ, ըստ որոնց՝ համայնքապետը երիտասարդի բիզնեսը խլելու փորձերը ձախողելուց հետո նրան սպառնացել է՝ «ես քեզ կնստեցնեմ բանտ»:

Հունվարի 11-ին դատարանը հարցաքննել է նաև նախաքննության մարմնին անհրաժեշտ ցուցմունքներ տված վկային՝ Ազամաթ Խալիլովին, որը, մոր փոխանցմամբ, Արամայիս Ավագյանի հարևանն է։ «Ինքը մի խոսք ա ասում, հետո՝ 5 րոպե հետո ուրիշ խոսք ա ասում: Դատավորը ասում ա՝ դու կարա՞ս մի խոսքի ճիշտ ասես: Քրտնել էր: Քուրը նստած լացում էր, ասում էր՝ ես ի՞նչ անեմ, ախպորս ծեծել են, ինքը չի ուզում ոչ մի բան ասի, բայց իրան ստիպել են…»։ Ըստ փաստաբանի, Ավագյանը դատարանին ցուցմունք կտա հավանաբար հաջորդ նիստին, երբ ապահովվի թարգմանիչ:

Ավագյանի մայրը հունվարի 6-ին դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ նշելով, որ որդուն խոշտանգում են մեկուսարանում՝ ծանր մեղադրանքների կապակցությամբ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:

Օրերս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել է Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպան Ուլուկբեկ Մուհամադիևին: Հրաժարական տալուց առաջ Ուզբեկստանի օմբուդսմենին հղած նամակում Անդրեասյանը գրել է, որ իրեն է դիմել մեր հայրենակիցը:

«Հիմնվելով մարդու իրավունքների ինստիտուտների կամավորական և փոխօգնության սկզբունքի վրա, խնդրում եմ, հնարավորությունների դեպքում, Ձեր համագործակցությունը Ա. Ավագյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերջինիս նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու վերաբերյալ»,- գրել է Անդրեասյանը:

Ֆլորա Սաքունցն ավելի վաղ նամակներ էր ուղարկել Ուզբեկստանի նախագահի գրասենյակ, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---